News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Փակ շուկայի վերականգման նախագիծը պետք է լինի ամբողջական եւ նույնությամբ պետք է վերականգնվի: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը: Նրա խոսքով, այդ քանդված կամարները պետք է ամբողջական վերականգնվեն նախկին տեսքով: 

Սամուելյանն ասաց, որ լինելով ճարտարապետ այս պահին չի կարող ասել  այն քանդվել է, թե` փլուզվել: «Ես այսօր տեղում եղել եմ, փաստել ենք վիճակը, սակայն միանշանակ պատասխան տալու համար հատուկ ստուգումներ պետք է նշանակվեն: Պետք է կրկնվեմ, բայց հստակ մի բան կարող եմ ասել, որ վերջնական արդյունքը կլինի այն, որ շենքը նույնությամբ կվերկանգնվի: Նկատեմ նաեւ, որ կոնստրուկցաներն իսկապես վատ վիճակում էին: Անգամ կան  մինչեւ հիմա անցկացված տարբեր փորձաքննություններ անկախ հիմնարկությունների կողմից, ոչ պետական, որոնք փաստում են, որ 3-րդ եւ մասամբ 4-րդ վթարայնության աստիճանի է այդ ամեն»,- ավելացրեց Արեւ Սամուելյանը եւ եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ վերանորոգումից հետո այն նախկին տեսքը կունենա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները: Դեռեւս այս տարվա հունվարին, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները եղել էին այդտեղ եւ զեկուցել, որ ստորգետնյա աշխատանքների հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ:

«Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»,- նշել էր նախարար Հասմիկ Պողոսյանը: Սակայն արդեն այս հանգստյան օրերին շուկան նորից սկսել են քանդել:

Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է։ Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել