Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է երկրում լեզվական պետական քաղաքականության հիմքերին վերաբերող օրինագիծը, որի շուրջ նախորդ քննարկումների ժամանակ մեծ ծեծկտուք էր տեղի ունեցել խորհրդարանում:

Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը կողմ է քվեարկել 234 պատգամավոր` խորհրդարանի դահլիճում ներկա 248 պատգամավորից:

Մասնավորապես, օրինագծին կողմ է եղել իշխող «Տարածաշրջանների կուսակցությունը», Կոմկուսը:

Քվեարկությունից հետո ընդդիմադիրներն ընդմիջում են խնդրել: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Գերագույն ռադայի շենքի մոտ հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի տասնյակ հազարավոր կողմնակիցներ, ովքեր բողոքում են օրինագծի ընդունման դեմ: Հասարակական կարգը պահպանելու համար խորհդարանի շենքի մոտ են բերվել շուրջ 2 հազար ոստիկաններ:
Օրինագծի համաձայն, Ուկրաինայի 13 շրջաններում ռուսերենը պետք է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ ստանա, որտեղ բնակչության առնվազն 10 տոկոսը ռուսախոս է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի խորհրդարանում, մայիսի 24-ին, ռուսաց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորները ծեծկռտուք են սարքել:

Ընդդիմադիր «Մեր Ուկրաինան-Ժողովրդական ինքնապաշտպանություն» եւ «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցությունների պատգամավորները փորձել են հասնել խորհրդարանի նախագահություն, որը հսկելիս են եղել իշխող Տարածաշրջանների կուսակցության պատգամավորները: Արդյունքում քաշքշուկ է սկսվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սկսված ծեծկռտուքի ժամանակ տուժել է «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Պավել Կոստենկոն, որին իշխող խմբակցության անդամները գլխիվայր ցած են նետել նախագահությունից:

Ծեծկռտուքի ժամանակ պատռվել է Տարածաշրջանների կուսակցության անդամ Դմիտրի Շենցեւի եւ Վադիմ Կոլեսնիչենկոյի հագուստը, վերջինս օրինագծի հեղինակներից մեկն է: