News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտեց հրադադարի ռեժիմը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը` ԼՂ խնդրի կարգավորման նոր մոտեցումների մասին այնքան էլ ակտուալ չեն:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից սադրանքների շարքից հետո, ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է ճշգրտըումներ անի ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր ռազմավարության մեջ:

«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սպանել հայ զինվորներին, բայց միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ է, դա անհեթեթություն է: ԱՄՆ-ը պետք է իրավիճակին առավել համարժեք գնահատական տա եւ փոխի իր դիրքորոշումն այդ հարցում, ինչը, հավանական է, որ տեղի կունենա»,-ասաց Դ. Բաբայանը:

Ինչ վերաբերում է «նոր մոտեցումներին», որոնց մասին խոսել է Քլինթոնը, ապա, ըստ նրա, ոչ մի նոր մոտեցում չի լինի:

«Այսօր ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի հրադադարի ռեժիմի պահպանմանը, ճնշում գործադրի Ադրբեջանի վրա այդ ուղղությամբ: Մնացած բոլոր առաջարկներն այս պահին ակտուալ չեն»,-ասաց Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, ոչ մի ագրեսոր , ոչ մի հանցագործ չի լսում կոչերն ու խնդրանքները, ուստի նրա հետ, այս դեպքում Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի լեզվով: «Ուժի արտահայտություն կարող է լինել ինչպես հայկական կողմի խիստ ու համարժեք պատասխանը, այնպես էլ միջազգային հանրության հստակ արձագանքը»,-նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 6-ին, Բաքվում, մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր մոտեցում կառաջարկվի:

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության: Փարիզում կայանալիք հանդիպմանը մենք հակամարտության լուծման նոր մոտեցում կառաջարկենք: Խնդրի լուծումը պետք է գտնվի»,-հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 18-ին` Փարիզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ