News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 14-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը վիճարկեց ԿԳ նախարարի հրամանը` իր լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը:

Նա նշեց, որ առաջին նիստին դատավորը ծանոթացավ հարցի էությանը եւ խնդրեց մյուս` հուլիսի 2-ի նիստին ապացույցներ ներկայացնել հայցադիմումի վերաբերյալ: Իր իսկ խոսքով` մեկ անգամ եւս համոզվեց, թե ինչքան ուժեղ են իրենց փաստարկները եւ դրանք ապացուցման կարիք չունեն: Դատավորից նախկին ռեկտորը գոհ էր, «ի դեմս նրա` մենք ունենք բարձր մակարդակի պրոֆեսիոնալ»:

Սուրեն Զոլյանին հատկապես զարմացրել էր պատասխանող կողմի` ԿԳ նախարարության պաշտոնյանների մակարդակը: «Հերթական անգամ ապացուցվեց, որ ԿԳ նախարարության, հատկապես` իրավական ոլորտում անտեղյակ են օրենքներից, մի քանի հոդվածների կամայական մեկնաբանություններ, խայտառակություն է, որ կրթության ոլորտը վստահված է այդպիսի մարդկանց: Ինչքան էլ ցածր գնահատենք պարոն Աշոտյանի մտավոր ունակությունները, սակայն նրա վարչության պետերը, հատկապես` իրավական վարչության պետը եւ աշխատակիցն ապացուցեցին, որ կարող են գտնվել մարդիկ, ովքեր պարոն Աշոտյանից ավելի ցածր մակարդակի վրա  են»,- նշեց նա:

Նա նշեց, որ ճիշտ կլինի ԿԳ-ն իր պատասխանը տեղադրի իր կայքում, որպեսզի հասարակությունը տեսնի նրանց մակարդակի եւ գնահատի գրագիտության, տրամաբանության, ողջամտության տեսանկյունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր էր ընտրվել Գայանե Գասպարյանը: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ