News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, հունիսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունից տուժած 55-ամյա Է. Ղազարյանը շարունակում է գտնվել ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ է.Ղազարյանը դեռ գիտակցության չի եկել, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառություն: Բժշկի խոսքով` հիվանդի մոտ գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ էր, ներքին արյունահոսություն որովայնում, շոկային իրավիճակ եւ այլն: Իսկ «Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասից մեզ հավաստիացրին, որ նրա վիճակը բարելավվում է, եւ տնօրինությունն ամեն ինչ անում է աշխատակցի համար, սակայն չհաջողվեց պարզել, թե որեւէ փոխհատուցում նրան կտրվի, թե` ոչ:

Պայթյունի պատճառները պարզելու համար ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվել է տեխնիկական քննություն, որոնց արդյունքներն արդեն ամփոփվել են եւ ուղարկվել Ոստիկանություն: Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խնդիրը ավոտամատ համակարգի հետ է եղել:

«Գազն անջատվել է, գազի ճնշումը հավաքվել, կուտակվել է, երկրորդ անգամ այրում է  կատարվել, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, այսինքն` երբ կաթսան հանգել է, երկրորդ անգամ գազն սկսել է կուտակվել, վինտիլիացիոն համակարգը պետք է քաշեր գազը եւ չմիանար, բայց ինքը երկրորդ անգամ միացել է»,- նշեց Վոլոդյա Հովսեփյանը:

Հարցին, թե ինչ-որ մեկը մեղավո՞ր է այդ պայթյունի պատճառների առաջացման համար, Վոլոդյա Հովսեփյանը պատասխանեց, որ իրենք ընդամենը պարզում են դեպքի պատճառները, իսկ մեղավորներին կորոշեն իրավապահ մարմինները:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ  հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Ըստ այդ հոդվածի`  տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ոստիկանությունից նաւե տեղեկացրին, որ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հունիսի 7-ին. ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ  օպերատիվ  խումբը: Պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է. Ղազարյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն: 

Տպել
Ամենաշատ