Հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով հերթական դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳՆ-ի: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Սուրեն Զոլյանը` նշելով, որ այս գործը նաեւ միջազգային ատյանների ուշադրության ներքո է:

«Այս բողոքը միջազգային ատյանները չէին կարող անտեսել, բայց Հայաստանից փորձ է արվել խեղաթյուրել այս գործը: Հայաստանից ոչ պաշտոնական ձեւով հանդիպում է եղել Եվրոպական Խարտիայի փորձագետների կոմիտեի աշխատակիցների հետ եւ ներկայացվել, որ ռեկտորի ազատումը պլենար նիստի հետ կապ չունի, այն քաղաքական հարց է՝ կապված ընտրությունների հետ: Իսկ ապացույցների համար բերվել է թերթերից մեկի մեջբերումը»,-ասաց նա։

Ըստ նախկին ռեկտորի՝ Եվրոպական Խարտիայի փորձագետների կոմիտեն լինելով անկախ մարմին իր դիմումի համաձայն նիստ է հրավիրել եւ տվել իր եզրակացությունը: Զոլյանի խոսքով՝ ինքն այդ նիստին չի մասնակցել կանոններից ելնելով, որի մասին նաեւ նշվել է գրավոր եզրակացության մեջ, որը կներկայացվի դատարանին:

Փորձագետների կոմիտեն ուղարկել է իր որոշումը, որտեղ ընդգծել է, որ իր գործունեության համար էական է, որ Կոմիտեի անդամները պարտականություններ իրականացնելիս լինեն իրենց կառավարությունից անկախ՝ ուստի եւ անընդունելի է համարել իշխանությունների կողմից ցանկացած ձեւի քաղաքական ճնշումը: Նախկին ռեկտորի համոզմամբ՝ այս դեպքը խոսքի ազատության հստակ արտահայտված ճնշում է. «Մի իրավիճակ է ստեղծվել, երբ մարդն իրավունք չունի պատասխանելու եւ պաշտպանվելու, երբ «վերադասը» փորձում է կոպիտ ձեւով խախտել օրենքները»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր էր ընտրվել Գայանե Գասպարյանը: