News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ընդդիմության շարքերում այսօր միասնականություն չի նկատվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմության միասնականացման ուղղությամբ գործընթաց որեւէ մեկի կողմից դեռեւս չի նախաձեռնվել։ «Միասնականության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան, բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են այս կամ այն հարցի մոտեցման տարբերության մեջ, գաղափարական անհամաձայնությունների, ամբիցիաների եւ այլն։ Այս խոչընդոտները հաղթահարելու գործընթաց դեռեւս չի սկսվել»,- ասաց նա՝ ավելացելով, որ ամենայն հավանականությամբ նման գործընթաց կսկվի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ նախագահական ընտրությունների նախօրեին։

Ըստ նրա՝ ընդդիմության միավորումը պետք է գործանական նպատակներ ունենա, եւ ոչ թե լինի քաղաքական ձեւական միավորում։ «Պետք է հստակեցնել, թե ընդդիմությունը ի՞նչ նպատակներ է իր առջեւ դնում, եւ հանուն ինչի է միավորվում, ինչի է ցանկանում հասնել»,-ասաց Սարգսյանը։      

Հնչակյան կուսակցության համար կարեւոր խնդիրներից է միասնական թեկնածուի հարցը։ «Ես հուսով եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր ընդդիմության անունից են խոսում, կարող են համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում»,- նկատեց նա։

Բարգավաճ Հայաստանի եւ ՀԱԿ հարաբերություններին անդրադառնալով, ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ եթե կա մի քաղաքական ուժ, որը կառավարության կազմում չէ, այսինքն՝ փաստացի ընդդիմություն է, կարելի է նաեւ այդ ուժն օգտագործել։ «Եթե այդ ուժը բարի կամք է ցուցաբերում համագործակցության, ինչո՞ւ չօգտագործել այն, ինչու թողնել, որ հնարավորությունը կորի»,- ասաց Սարգսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ