Ամառային հանգստի համար շարունակում են Հայաստան ժամանել սիրիահայ երեխաները: Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ այսօր Դամասկոսից Երեւան կժամանեն 120 երեխաներ եւ եւս  300 երեխա հատուկ չվերթներով Հալեպից կժամանեն մոտակա օրերս:

Նրա խոսքով, երեխաների տեղափոխությունը անհնար կլիներ, առանց մասնավոր հատվածի օգնության: Դամասկոսից իրականացված առաջին հատուկ չվերթի ողջ ծախսը հոգացել է «Պրոմեթեյ» բանկը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը  օգոստոսի 2-ի նիստի ժամանակ 9 միլիոն դրամ (մոտ 22 հազար դոլար)  է հատկացրել Տարածքային կառավարման նախարարությանը` սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար:

Երեխաները արձակուրդները կանցկացնեն ոչ միայն ճաբարներում, այլ նաեւ հայկական ընտանիքներում: Նախապես նախատեսվել է, որ երեխաները Հայաստանում կմնան երկու շաբաթ, բայց եթե Սիրիայում իրավիճակը սրանա, նրանց կպահեն ավելի երկար ժամանակով: