Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները մեր կողմից կարեւորվում են, որովհետեւ դրանք պետության անբաժանալի օղակներն են: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Կառավարության ղեկավարի եւ ծրագրի գործունեության վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք կողմ ենք կառավարության ղեկավարի փոփոխությանը»,- նշեց նա:

Մամուլի խոսնակի խոսքով`  ԲՀԿ-ն առաջարկում է համեմատաբար առավելություններ ունեցող ծրագրեր, լուծումներ, այդ թվում՝ կադրեր: «Ես ողջունում եմ այն մարդկանց, ովքեր սատարում են: Պարոն Բալասանյանը ԲՀԿ անդամ է, այդքանով ամեն ինչ ասված է»,- նշեց նա` հավելելով, որ առաջնային «պայմանավորվածությունը տվյալ համայնքի բնակիչների հետ է լինում: ԲՀԿ-ը  պարբերաբար համագործակցում է կառուցողական ուժերի հետ:

Տիգրան Ուրիխանյանը հույս հայտնեց, որ ընտրությունների կազմակերպման պատասխանատուները վերջապես այս անգամ գոնե այսուհետ կստուգեն թանաքները, եւ նոր կբերեն ընտրական տեղամասեր: Նա մտավախություն ունի, որ խնդիրը կարող է կրկնվել: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա նա եւս նշեց` «կգա պատեհ պահը եւ մենք կխոսենք նախագահական ընտրությունների մասին»:

Նշենք, որ ԲՀԿ-ն Գյումրիում առաջադրել է պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը, ում սատարելու է նաեւ կոալիցիոն նախկին գործընկեր ՀՀԿ-ն: