News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կներկայացվի ընթացիկ տարվա աշնանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը՝ նշելով, որ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես եւ խոստացել էր, աջակցում է սույն նախաձեռնությանը։

Վարժապետյանի խոսքով՝ հայկական համայնքը Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հետ աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա, հաշվի առնելով նախորդ օրինագծի բացթողումները, որոնք պատճառ դարձան օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկելու։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ Սահմանադրական խորհրդի վճռին՝ Վարժապետյանը նշեց, որ որոշումը քաղաքական էր եւ ոչ մի կապ չուներ գրված օրինագծի որակի հետ, որը հավանության էր արժանացրել ինչպես երկրի արդարադատության նախարարության, այնպես էլ կառավարության կողմից։

 «Այս անգամ նման մոտեցումը պետք է բացառվի։ Օրինագծի տեքստը հանգամանորեն մշակվում է՝ Սահմանադրական խորհրդի հետ կապված պատմության կրկնությունը բացառելու համար»։  

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, փետրվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունել էր այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը ցեղասպանությունների ժխտման դեպքում նախատեսում էր 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարի ազատազրկում:

Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում, որն էլ այն երկրի օրենքներին հակասող էր ճանաչել։

Ֆրանսուա Օլանդը քանիցս աջակցություն է հայտնել օրինագծին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ