News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արտաքին գործերի նախարարության  շենքի մոտ, այսօր` սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ին մեկնարկեց «Հայազն» երիտասարդական միության նախաձեռնած բողոքի ակցիան (ֆոտոռեպորտաժ):  Երիտասարդները ԱԳՆ շենքի մոտ հայտարարություն կարդացին`իրենց գնահատականը տալով  Հունգարիայի կառավարության` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու որոշման   կապակցությամբ եւ ներկայացրին իրենց պահանջները: 

Երիտասարդները  գոհունակություն հայտնեցին Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի քայլից` մասնավորապես Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունը կասեցնելու հարցում: Նրանք իրենց պահանջները նամակի տեսքով չեն ներկայացնի ԱԳՆ-ին, քանի որ կարծում են, որ այդ մասին նրանք կտեղեկանան լրատվամիջոցներից: 

ԱԳՆ-ի շենքի մոտ  «Հայազն» միության ղեկավար Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանություններն եւ դիվանագետներն են` հավելելով, որ Արեւմուտքի նկատմամբ տարիներ շարունակ ստորաքարշ եւ անճարակ դիվանագիտություն պատճառով է, որ որեւէ երկիր իրեն իրավունք է վերապահում չկարեւորել Հայաստանի կարծիքը, որն էլ հաճախ ընդհանրապես չի լսվում կամ լսվում է չափազանց ուշ:

«Հայազն» միությունը պահանջում է դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու որոշումը ուժի մեջ պահել տեւական ժամանակ եւ վերացնել միայն Հունգարիայի կառավարության գործնական զղջման դեպքում: Ամբողջությամբ դադարեցնել գործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, հետ կանչել ՆԱՏՕ-ի ուժերում խաղաղապահ հայկական բոլոր ստորաբաժանումները, բացառել մասնակցությունը որեւէ միջազգային ռազմավարական ծրագրին, որին կմասնակցի Ադրբեջանը եւ նրա դաշնակիցները, այսուհետեւ` նաեւ Հունգարիան: Երիտասարդները նաեւ պահանջում են հանցավոր անգործության համար պաշտոնանկ անել բոլոր պատասախանատու դիվանագետներին, ընդհուպ մինչեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ցուցարարները ԱԳՆ-ի շենքի մոտից երթով մեկնել են Հունգարիայի հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ այրել են Հունգարիայի դրոշը:

Հունգարիայի հյուպատոսության շենքի մոտ բացի այրված դրոշից եւ նետված մետաղադրամներից, կային նաեւ նետված ձվերի եւ լոլիկների հետքեր, իսկ հյուպատոսության շենքի պատուհաններին զանազան գրություններ էին փակցվել: Ցուցարարները վանկարկում էին «Ամոթ Հունգարիային», «Ծախված Հունգարիա» եւ այլն: Ցուցարարները մտադիր էին Հունգարիայի այրված դրոշը եւ նետված մետաղադրամները հավաքվել եւ որպես ծանրոց ուղարկել Հունգարիայի հյուպատոսին:

Գրող, հրապարակախոս Վահե Անթանեսյանը, ով եւս եկել էր իր վրդովմունքը հայտնելու երեկվա կատարվածի վերաբերյալ, նշեց, որ  ակցիայի մասնակիցներից բոլորը պետականության եւ երկրի կողիքն են եւ պատրաստ են ամեն ինչ անել` մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու համար: »Եթե Ադրբեջանը ընդամենը քնած մարդուն սպանած ոճրագործին հերոսի կոչում է տալիս, դա փաստում է այն մասին, թե որքան տկար է այդ ժողովուրդը, որքան կեղծ արժեքների է դավանում եւ պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այդ փաստը եւ միջազգային ասպարեզում դիվիդենտներ շահել նրանց քայլից»,- նշեց գրողը`  համոզմունք հայտնելով, որ կգա հատուցման ժամը:

Բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ երգահան Արսեն Գրիգորյանը` Մրոն: Նա ցանկանում է, որ այս արարքը դատապարտվի աշխարհի կողմից, քանի որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ, սա դավաճանություն է մարդկության հանդեպ «Ժամանակն է, որ ամբողջ աշխարհը իմանա, թե մարդու իրավունքներ եւ այդպիսի բարձրագոչ հայտարարություններ ուղղակի թղթի վրա են, իրականության մեջ լրիվ ուրիշ բաներ են լինում, որը պետք է դատապարտվի եւ վերականգնվի արդարությունը»,- նշեց նա` տեղի ունեցածը որակելով որպես գործարք, դավաճանություն Հունգարիայի կողմից: Նրա խոսքով` ադրբեջանցուն մենք գիտենք, բայց սա անկնկալ էր Հունգարիայի կողմից: Երգահանը համոզված է, որ եթե Հայաստանը կարողանար եւ ժամանակին իմանար  Հունգարիայի կառավարության` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշման մասին, ապա կկանխեր այս քայլը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ