News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հունգարիայի Կառավարության` հայ սպային գիշերը կացնահարած եւ ցմահ ազատազրկման ենթարկված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին` Ադրբեջանին արտահանձնելու կապակացությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ այսօր կազմակերպված բողոքի ակցիային մասնկացում էին նաեւ հունգարացի հայագետներ:

Նրանցից մեկը` Զիգմունդ Բենեդեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկ լսելով այդ լուրը` ցնցվել է: «Իմ ամբողջ կյանքի գործունեությունը, գործերի իմաստը երեկ քայքայվել է: Ես ներողություն եմ խնդրում իմ անունից ողջ հայ ժողովրդից, մանավանդ` Գուրգեն Մարգարյանի հարազատներից, երեկվա` ինձ համար անընդունելի եւ անբարոյական արարքի համար: Այն, ինչ երեկ արել է Հունգարիայի կառավարությունը, դա, իմ կարծիքով, խախտում է բոլոր բարոյական, համամարդկային արժեքները: Ես չեմ կարող համաձայն լինել Հունգարիայի կառավարության այդ արարքի հետ, այն մարդասպանությունը, որը կատարվել է 8 տարի առաջ, ամենադաժան ձեւով է արվել, զոհը` Գուրգեն Մարգարյանը որեւէ շանս չուներ իրեն պաշտպանելու, ինքը մահացել է այն բանի համար, որ հայ է: Սա ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն է, եւ այսպիսի մարդուն արտահանձնել Ադրբեջանին, դա Հունգարիայի վերջին 20 տարվա դիվանագիտության պատմության մեծագույն սխալ եմ համարում»,- նշեց նա: 

Նրա խոսքով` Հունգարիայի  ժողովուրդը եւս դատապարտում է Կառավարության արարքը  եւ բողոքում դրա դեմ: Հունգարական կառավարամետ լրատվամիջոցները ընդարձակ հոդված են նվիրել այդ հարցին, իսկ անկախ լրատվամիջոցները` գլխավոր հոդված են ներկայացրել այն եւ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի ամբողջ տեքստը թարգմանվել է հունգարերեն: Հայագետի խոսքով` Հունգարիայի նախկին արտգործնախարարը եւս շատ խիստ քննադատել եւ դատապարտել է Հունգարիայի այսօրվա իշխանության արարքը:

Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի հետ գործարքի գնալու պաշտոնական Երեւանի տեսակետը հայագետը համարում է ամենահավանական վարկածը եւ դա գնահատում որպես անբարոյական քայլ:  «Թեեւ Ադրբեջանը Հունգարիայի համար շատ կարեւոր առեւտրային գործընկեր է, բայց առեւտրային գործընկերությունը չպետք է գերազանցի համամարդկային արժեքները: Հայ ազգը չպետք է անտեսվի, չպետք է զոհվի Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ 1000 տարվա բարեկամությունը»,- նշեց նա` հավելելով, որ հունգարացիները եւ հայերը միշտ իրար սիրում էին եւ համարում բարեկամ ժողովուրդ:

Հունգարացու խոսքով` ինչպես ինքն է այժմ ամաչում հունգարացի լինելու համար, այնպես էլ շատ շատ այլ հունգարացիներ, որովհետեւ հունգարացիների համար հայ ազգը բարեկամ ժողովուրդ է: «Խնդրում եմ, որ դուք լսեք հունգարացի ժողովրդին, ոչ թե  Հունգարիայի կառավարությունը, այն արարքը, որ արել է Հունգարիայի կառավարությունը, հետեւանք կունենա, որովհետեւ ժողովուրդը չի ընդունում նման քայլեր: Մենք` հունգարացիներս, ապագայում էլ հայերին կհամարենք մեր բարեկամ ժողովուրդը, մենք կիսում ենք Հայաստանի բոլոր արժեքները եւ հարգում ենք հայերին, դրա համար մեկ անգամ եւս ներողությունե նք խնդրում  մեր կառավարության անբարոյական արարքի համար»:,- նշեց նա

Նրա խոսքով` նվազագույնը, որ պետք է անի Հունգարիայի կաառավարությունը, անմիջապես հայ ազգից ներողություն խնդրելն է ամբողջ հայ ագզից եւ Գուրգեն Մարգարյանի հարազատներից, իսկ հետո պետք է քննվի հնարավորությունը, թե ինչպես կարող է այս հարցը լուծվել:

Զիգմունդ Բենեդեկը նշեց, որ մինչ երեկ  հպարտ էր, թե Հունգարիայի դատական համակարգն ինչ արդար է,քանի որ դատավարության արդյունքում եղավ այն, ինչ սպասելի էր բոլորի համար: Նրա խոսքով` այժմ էլ Հունգարիայի արդարադատությունը արդար է, որովհետեւ այդ քայլը արել է Կառավարությունը, բայց հպարտությունը այլեւս չկա, դրա փոխարեն միայն ամոթի զգացում է մնացել, թե ինչպես կարող էր պատահել նման բան:  Նա առաջարկում է իր երկրի իշխանություններին այս հարցին լրջորեն անդրադառնալ եւ վերանայել որոշումը:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել