«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Վարդան Այվազյանը պատասխան պետք է տա» խմբի ետեւում կանգնած է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը` մեկնաբանելով այդ խմբի ստեղծումը եւ իր դեմ քրեական գործ հարուցելու, իրեն պատգամավորական մանդատից զրկելու պահանջները: (ֆոտոռեպորտաժ)
Պատգամավորը խնդիր չի տեսնում, եթե նախաձեռնությունը համապատասխան քայլեր ձեռնարկի, հանձնաժողով ստեղծվի եւ քննեն այդ գործը: Բայց իր դեմ քրեական գործ հարուցելու համար հիմքեր են պետք: Վարդան Այվազյանի խոսքով` եթե հանկարծ պարզվի, որ ինքը մեղավոր է, ապա անկախ որեւէ մեկի պահանջից, ինքը անձամբ վայր կդնի պատգամավորական մանդատը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ դեռեւս իրեն 37 միլիոն 537 հազար 978 դոլար տուգանելու մասին Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի որոշման ծանուցագիր չի ստացել: Սակայն նոր նյութեր է ձեռք բերել, որոնք ապացուցում են «նրանց անօրինական գործողությունները»:
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Վարդան Այվազյանը պատասխան պետք է տա» էջը: Էջին միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ Ազգային ժողովից` ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ Վարդան Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած բոլոր տեսակի չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար:
Դրանից բացի` նրանք պահանջում են ՀՀ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովից` քննության առնել Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը` դրանով իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելով անկաշկանդ հետաքննություն վարել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության վերաբերյալ: Նրանք դիմում են Գլխավոր դատախազությանը` նյութեր պատրաստել եւ քրեական հետապնդում սկսել Վարդան Այվազյանի դեմ՝ նրա պաշտոնավարման ընթացքում առկա չարաշահումների շուրջ: Քաղաքացիները դիմում են նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` հրապարակային հաշվետվություն ներկայացնել՝ Վ. Այվազյանի պետական պաշտոն զբաղեցնելու տարիներից առ այսօր վերջինիս ու նրա մերձավոր հարազատների ունեցած եկամուտների եւ գույքային դրության մասին:
Իրավապահ մարմիններից նրանք պահանջում են` ամբողջ ծավալով վերականգնել Վարդան Այվազյանի անօրինական գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը: Պետությանը վերադարձնել Վարդան Այվազյանի կողմից իր ազգականներին նվիրաբերած հանքավայրերը (Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի եւ այլ հանքավայրեր):
«Պահանջում ենք ՀՀ կառավարության համապատասխան կառույցներից` վերանայել նրա պաշտոնավարման ընթացքում պետության եւ տնտեսվարողների միջեւ հանքարդյունաբերության ոլորտում կնքված բոլոր պայմանագրերը: Դիմում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարությանը` հանդես գալ կուսակցության անդամ Վ.Այվազյանի գործունեության վերաբերյալ քաղաքական գնահատականով: Պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններին` արգելել Վարդան Այվազյանի ելքը Հայաստանից՝ մինչեւ նրա նկատմամբ իրականացվող քննության լիակատար ավարտը»,- ասված է էջի հայտարարության մեջ:
Նշենք, որ «Հետքը» գրել էր, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվազյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների: Ընկերությունը այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























