News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Թուրք հետազոտողներ  Մեհմեդ Փոլաթելը եւ Նազիֆե Քոսուքօղլու ներկայացրել են Հայոց ցեղասպանության ժխտման մեջ թուրքական պաշտոնական պատմագրության 10 թեզեր, որոնք ըստ հեղինակների այնքան են հնացել, որ չեն դիմանում քննությանը եւ «նույն դասարանում են մնում»։

Ներկայացնում ենք Akunq.net-ի թարգմանությամբ հիշյալ թուրք հետազոտողների աշխատությունը.

Անցյալ տարի Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքով մամուլում և հասարակության շրջանակում կրկին օրակարգ բարձրացան պաշտոնական պատմագրության թեզի 1915 թ. հեքիաթները:

1915 թ. վերաբերյալ «պաշտոնական պնդումները» առանձնացրել ենք 10 կետով: Յուրաքանչյուր պնդման անդրադարձել ենք պատմական փաստերով: Պաշտոնական պատմագրության պաշտպանների տեսանկյունից արդյունքը վտանգավոր է:

Թուրքիան միջազգային հարթակներում փտած թեզերի վրա հենվող պետական մտածողությամբ չի կարող ոչ մեկին ոչինչ բացատրել: Բացի այդ` Թուրքիայում գնալով մեծանում է նրանց թիվը, ովքեր «կուշտ են այս հեքիաթներից»:

Պաշտոնական պատմագրության պաշտպանները, ովքեր հեռուստալիքներով և թերթերի սյունակներում իրենց մաղձը թափում են Ֆրանսիայի վրա, շարունակում են մեզ վրա բարդել իրենց պնդումները, որոնք տարիներ շարունակ հասարակությունն անգիր է արել: Սա ըստ ձևի և բովանդակության տարբեր տեսք է ստանում: Պետական պատմագրության՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիմնական պնդումները հավաքել ենք 10 կետի տակ, որոնցից յուրաքանչյուրին անդրադարձել ենք անվիճելի և կասկածի տեղիք չտվող պատմական տվյալներով: Արդյունքում` արտգործնախարարության իրավասուներին համեստ խորհուրդ կտանք. պաշտոնական պատմագրության այս թեզերին վստահելով, միջազգային պատմաբանների հանձնաժողով կազմելու նախաձեռնությամբ հանդես գալով` ձեզ ծիծաղելի կացության մեջ մի դրեք:

1.Ապստամբություն և դավաճանություն 

Օսմանյան պետությունը «տեղահանության» որոշում է կայացրել, որովհետև հայերը, պետության դեմ ապստամբելով, աջակցել են թշնամի պետություններին:

Համաձայն այս պնդման՝ կայսրության չորս ծագերում ապստամբած հայերը, դաշնակից պետությունների կողմն անցնելով, մեջքից դաշունահարել են Օսմանյան կայսրությանը: Չորս կողմից թշնամիներով շրջապատված Օսմանյան կայսրությունը, «դավաճաններին պատերազմական շրջաններից հեռացնելով», կատարել է այն, ինչ կաներ ցանկացած պետություն:  

«Ապստամբություն և դավաճանություն» փաստի շուրջ, բնականաբար, քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից շատ բան կարելի է ասել, սակայն երբ նայում ենք պատմական տեսանկյունից, այս պնդումը որեւէ հենք չունի:

Եթե հայացք ուղղենք հայ կազմակերպությունների, որոնց մասին պնդում են, թե ղեկավարել են վերոհիշյալ ապստամբությունները, պատերազմի ընթացքում կայացրած որոշումներին, սա բացահայտ կերևա:

Անմիջապես այն բանից հետո, երբ Միություն և առաջադիմություն կուսակցության կառավարությունը որոշում կայացրեց մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, Ստամբուլում հավաքված Հայոց Ազգային ժողովը հայտարարեց, որ հայերը պատերազմի ընթացքում հնազանդ են լինելու օսմանյան կառավարությանը, չեն վարանելու հոգալ պետության ցանկացած կարիք, այդ թվում` նաև զինվորական:

Իսկ պաշտոնական պատմագրության մեջ «դավաճանությանը» համարժեք համարվող Դաշնակցությունը 1914 թ. օգոստոսի 12-14 թթ. Երզրումի 8-րդ կոնգրեսում (Ընդհանուր ժողով – Ակունքի խմբ) հայտնել է, որ օսմանյան հայերը պատերազմի ժամանակ սատարելու են իրենց պետությանը:

1914 թ. օգոստոսի 21-ի Հնչակյան կուսակցության 3-րդ կոնգրեսում ապստամբության որևէ կոչ չեն կատարել: Ընդհակառակը՝ հայտնի է հնչակյանների անհանգստությունն առ այն, թե պատերազմը ճանապարհ կհարթի, որպեսզի Միություն և առաջադիմություն կուսակցությունը փլուզվի, իսկ հայերի վիճակը կարող է վատանալ: 

Պաշտոնական պատմագրությունը որպես ապստամբության փաստարկ բերում է Դյորթյոլի և Զեյթունի մերձակայքում  1915 թ. փետրվարին տեղի ունեցած բախումները: Այս դեպքերի հետ առնչվող փաստաթղթերն ուսումնասիրելիս կտեսնենք, որ սրանք զինվորական դասալիքների և օսմանյան ժանդարմերիայի միջև տեղի ունեցած բախումներ են: Այս դեպքը ժամանակին օսմանյան ղեկավարներն անգամ «ընդհանուր ապստամբություն» չեն համարել: Պետք է նաև չմոռանանք, որ շրջանի դասալիքները միայն հայեր չեն եղել, ուստի եղել է տարբեր էթնոկրոնական խմբերի պատկանող դասալիքների և ժանդարմերիայի բախում: Շրջանի հայ գյուղացիները ոչ միայն չեն ապստամբել, այլև դասալիքների՝ պետությանը հանձնվելու միջնորդ են եղել՝ այսպիսով օգնելով պետությանը: Չնայած այս ամենին՝ առաջին աքսորը տեղի է ունեցել այս շրջանում:

2.Տեղահանության պատճառը Վանի ապստամբությունն էր

Վանում զանգվածային հայկական ապստամբություն է ծագել: Պատերազմական պայմաններում իթթիհադական կառավարությունը, տեղահանությունից բացի, այլ շտապ միջոց չի գտել:

Այո՛, ի տարբերություն մյուս շրջանների՝ հայերը Վանում իրոք ապստամբել են: Մյուս կողմից` Վանի ապստամբությունները սկսել են այն բանից հետո, երբ կայացվել և կիրառության է դրվել ցեղասպանության որոշումը: Մինչև ապստամբությունն ու ապստամբության ժամանակ Վանի նահանգապետ Ջևդեթ բեյի՝ շրջանի ժողովրդի նկատմամբ կատարած բռնությունների մանրամասնությունները կարելի է գտնել և՛ օսմանյան փաստաթղթերում, և՛ գրքերում, որոնց հղում է պաշտոնական պատմագրությունը: 

Էրզրումի այդ ժամանակվա նահանգապետ Թահսին բեյն իրավիճակը բնութագրում է այս խոսքերով. «Վանում ապստամբություն չի եղել և չէր էլ կարող լինել: Մենք ինքներս ենք ստեղծել այս անկարգությունը, որից հազիվ թե կարողանանք դուրս գալ: Արևելքում բանակին դժվարին կացության մեջ դրեցինք»:

Ապստամբության փաստարկում ուշագրավ մյուս պնդումն այն է, որ հայ կամավորական ջոկատները ստեղծվելուց հետո միացել են ռուսական բանակին և թիկունքից հարվածել օսմանյան պետությանը: Այս պնդումը պաշտպանողները ջանասիրաբար փորձում են չնկատել այն հանգամանքը, որ կամավորական ջոկատները կազմվել են Կովկասի հայերից: Կովկասյան հայերը չէին կարող օսմանյան պետությանը «մեջքից հարվածել», որովհետև նրանք ոչ թե օսմանյան պետության, այլ` Ռուսաստանի քաղաքացիներ էին:  

3.Ցեղասպանությունն այլ էտեղահանություննայլ 

Ոչ թե ցեղասպանության, այլ տեղահանության որոշում է կայացվել: Տեղահանությունը սահմանափակվում էր պատերազմական շրջանով: Չնայած ամեն տեսակի կանխարգելիչ միջոցների՝ բնական պայմանների կամ էլ ավազակախմբերի հարձակումների արդյունքում մահեր գրանցվեցին:

Պաշտոնական պատմագրությունը չի վարանում հարյուր հազարավոր մարդկանց բնութագրել որպես «տեղահանության կորուստներ»: Ավելին՝ չնայած պատերազմական պայմաններին՝ պնդում են, թե օսմանյան պետությունը տեղահանության գործընթացն իրականցրել է բծախնդրությամբ, աքսորյալների քարավաններին պաշտպանելու համար իրավասու ջոկատներ են նշանակել: Իսկ օսմանյան արխիվներում գտնված փաստաթղթերն ամբողջովին այլ իրականություն են մատնանշում: Այս փաստաթղթերում պարզ երևում է, որ օսմանյան կառավարությունը բազմիցս տեղեկացվել է, որ աքսորի ճանապարհները ապահով չեն, քարավանների վրա հարձակումներ են գործում, մահացություն է գրանցվում, սակայն որևէ  միջոց չի ձեռնարկվել, տեղահանությունը շարունակվել է:

Նահանգապետը, ով մարդկային վերաբերմունքից ելնելով` «չի ցանկացել կյանքի կոչել տեղահանության» որոշումը, ուշադրություն չի դարձրել մութասարրըֆի և կայմակամի առաջարկներին: Մարդկային կեցվածք որդեգրած պաշտոնյաներին աշխատանքից ազատել են, ստորացրել կամ էլ Հատուկ կազմակերպության կազմակերպած ոճիրների զոհ են դարձել: ««Աքսորի» հրահանգները չկատարելու համար ո՞ր պաշտոնյան կյանքը կվտանգեր» հարցին պաշտոնական պատմագրություը ոչ միայն պատասխան չի տալիս, այլև ուշադրության անգամ չի արժանացնում:

Ըստ պաշտոնական պատմագրության՝ տեղահանության այս որոշումը կայացվել էր, որպեսզի կայսրության համար անվտանգության սպառնալիք հանդիսացող հայերին աքսորեն այնպիսի մի շրջան, որտեղ չէին սպառնա Օսմանյան կայսրության անվտանգությանը: Մինչդեռ հայերն աքսորվել էին նաև այնպիսի շրջաններից, ինչպիսիք են Կեսարիան և Էսքիշեհիրը, որտեղ հայերը ամենաքիչ հնարավորությունն ունեին կապ հաստատելու որևէ օտար պետության հետ. օսմանյան կայսրությանը «դավաճանելու» հնարավորությունը շատ քիչ էր: Իսկ Սիրիան, որտեղ հայերին աքսորել էին, մի շրջան էր, որն, ըստ էության, ֆրանսիացիները երկար տարիներ ի վեր փորձել էին իրենց միջամտության ասպարեզ դարձնել, և գտնվում էր պատերազմի և իմպերիալիստական խաղերի կենտրոնում: Թե ռազմավարական վերլուծության տեսանկյունից Դեր Զորն ինչպե՞ս է  Կեսարիայից, Մուղլայից, Կաստամոնուից ավելի ապահով, արտաքին շրջանակների համար դեռևս փակ պաշտոնական պատմագրության «չբացահայտված առեղծվածներից» մեկն է: Սա մատնանշում է, որ «տեղահանությունը» չի կարող  բնութագրվել որպես հարցի կարգավորման համար կիրառված անվտանգության միջոց:  

4.Վատ վերաբերմունքն անպատիժ չի մնացել

Պետությունը պատժել է նրանց, ովքեր տեղահանության ենթարկված հայերին վատ են վերաբերվել:

Համաձայն պաշտոնական պատմագրության` տեղահանության ժամանակ չարաշահումներ կատարած անձանց ձերբակալությունն ու մահապատիժը Թալեաթ փաշան անձամբ է նախաձեռնել: Ըստ ոմանց՝ այս ձերբակալությունները մատնանշում են, որ պետությունը ցեղասպանության որոշում չի կայացրել: Ճիշտ է, որ պատերազմի ընթացքում Թալեաթ փաշան որոշ պաշտոնյաների Ռազմական ատյաններում հարցաքննել, դատել և նույնիսկ ոմանց մահապատժի է ենթարկել, սակայն հետաքննություններից և ոչ մեկի պատճառը ոճրագործությունները կամ էլ գործած սպանությունները չեն եղել: Այս  հետաքննություններում թիրախ էին զանգվածային օրինազանցություններ կատարածները: Պետությունը տեղահանության որոշմամբ հայտնեց, որ հայերի թողած ունեցվածքը պետության վերահսկողության տակ է: Ըստ կայացրած որոշման՝ ողջ ունեցվածքը հանձնաժողովները գրանցելու էին, և պետությունն անձամբ էր տնօրինելու:   

Այս ունեցվածքի` հատուկ նպատակներով օգտագործմանը չխոչընդոտելու համար պետությունն արգելեց պետական ծառայողներին բռնագրավել հայերի ունեցվածքը: Բայց և այնպես, հայերի ունեցվածքն անցավ բազմաթիվ տեղական ղեկավարների և ծառայողների իրավասության տակ: Քանի որ օսմանյան կառավարությունն ուզում էր ունեցվածքն օգտագործել սեփական կարիքների համար, ունեցվածքի վերստուգման ժամանակ դատեց չարաշահումներ կատարածներին և թալանածներին: Դատավարությունների ժամանակ ստեղծվել է երեք հետաքննիչ հանձնաժողով:       

Դատավարությունների ժամանակ կոտորածների վերաբերյալ հարցեր չեն բարձրացվել: Փոխարենը բարձրացրել են ունեցվածքի թալանի վերաբերյալ հարցեր: Այս հետաքննությունների զեկույցներից մեկում գրանցված է, որ իր տեսած ոճրագործությունների մասին պատմող վկային հանձնաժողովի նախագահը հանդիմանել և պահանջել է, որ պատասխանի միայն այն հարցերին, որոնք առնչվում են օրինազանցություններին, և քանի որ վկան համառությամբ խոսել է սպանությունների մասին, դուրս է հրավիրել: 

Այս դատավարություների ժամանակ մահվան են դատապարտվել Հատուկ կազմակերպության որոշ անդամներ՝ Չերքեզ Ահմեդ, Յակուբ Ջեմիլ: Սակայն նրանց մահապատժի պատճառն այն չէր, որ հայերին կոտորել և թալանել են: Չերքեզ Ահմեդի վերաբերյալ Թալեաթ փաշայի` Ջեմալ փաշային հղած հեռագրում ասվում է. «Յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է ոչնչացնել նրան: Հակառակ դեպքում հետագայում շատ վնասակար կարող է լինել»: Յակուբ Ջեմիլի մահապատժի պատճառն էլ այն էր, որ իթթիհադական ղեկավարների դեմ հեղաշրջում է փորձել կազամկերպել: Կարճ ասած` իթթիհադական կառավարությունը ցանկացել է դատավարությունների միջոցով մեջտեղից վերացնել Հատուկ կազմակերպության կազմում եղած ավազակապետերին, ովքեր ապագայում իրենց համար գլխացավանք դառնալու հավանականություն ունեին:  

5.Պետությունը  մեկնել  է  գորովալից  ձեռքը 

Օսմանյան կայսրությունը տեղահանվածներին ցուցաբերել է ամեն տեսակի օգնություն, աքսորավայրերում աշխատանք գտնելու նախաձեռնությամբ է հանդես եկել:

Համաձայն այս պնդման՝ հայերին լուրջ նյութական աջակցություն են ցուցաբերել, աքսորավայրերում հողակտորներ են բաժանել, և նույնիսկ բռնագրավված ունեցվածքի շուկայական գինն է վճարվել: Այս թեզն ապացուցում է տեղահանության հրահանգները և այն փաստաթղթերը, որոնց թիվը կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել:   

Մի կողմ թողենք աքսորված հայերին նյութական աջակցություն ցուցաբերելու հարցը, նույնիսկ տեղահանության ծախսերը հոգացել են հայերի թողած ունեցվածքի՝ «լքյալ գույքի» հաշվին: Վերաբնակեցման հարցերով պատասխանատու Շյուքրյու Քայան է Թալեաթ փաշային առաջարկել միտքը՝ համաձայն որի հայերի զանգվածային տեղահանության ծախսերը ֆինանսավորվելու են հենց հայերի կողմից: Թալեաթ փաշան էլ 1915 թ. հոկտեմբերին հավանություն է տվել: Մյուս կողմից` աքսորի ժամանակ կաշառք տալու և իրենց ունեցվածքի բռնագրավման հետևանքով հայերի կարողությունը սպառվել է: Այդ իսկ պատճառով է ՄԱԿ-ի ղեկավարությունը փոխել է ֆինանսավորման քաղաքականությունը՝ սկսելով տեղահանությունը ֆինանսավորել լքյալ գույքերից ստացված միջոցով:    

Պնդումը, թե օսմանյան պետությունը հայերի ունեցվածքը վերադարձնելու համար ընտրել է ունեցվածքի շուկայական գինը տերերին վճարելու եղանակը, որեւէ հիմքից զուրկ է: Պետությունն այս ունեցվածքի մի մասը շատ ծիծաղելի գներով աճուրդի է հանել: Իսկ կարևոր մի հատվածն էլ օգտագործվել պետության, բանակի կարիքները հոգալու, Բալկաններից եկած փախստականների բնակեցման հարցերը կարգավորելու համար: Պետական ղեկավարներից մինչև հասարակ ժողովրդի լայն զանգվածները վերոնշյալ ունեցվածքը թալանել և բռնագրավել են: Անժխտելի փաստ է, որ պետության կողմից աքսորված հայերը տնտեսապես սննկացման են ենթարկվել:     

6.Մահացածների թիվը չափազանցեցվում է

Տեղահանվածների թիվը 500 հազար է: Մահացել է 200 հազար հոգի:

Մուրադ Բարդաքչըի «Թալեաթ փաշայի անհայտ փաստաթղթեր» աշխատությամբ կանգնեցվեց տեղահանվածների և մարդկային կորուստների թիվը նվազ ներկայացնելու ուղղությունը, քանի որ ըստ Թալեաթ փաշայի՝ տեղահանված հայերի թիվը շատ ավելի է, քան ներկայացնում է պաշտոնական պատմագրությունը: Տեղահանության ժամանակ Թալեաթ փաշան, նահանգներ հեռագիր ուղարկելով, պահանջել է տեղեկություններ հայտնել, թե որքան հայ է աքսորվել և դեռ որքան է մնացել: Համաձայն Թալեաթի ցուցակի՝ տեղահանված հայերի թիվը կազմել է 924 158: Հաշվի առնելով, որ այս ցուցակներում բացակայում են Ստամբուլ, Վան, Անթալիա, Էսքիշեհիր և Ուրֆա նահանգները, որտեղի հայերը ևս տեղահանության են ենթարկվել, պետք է որ այս թիվն ավելի մեծ լինի:

Իսկ 500 հազար թիվը, որը ներկայացնում է պաշտոնական պատմագրությունը, Սիրիայի ճամբարներ հասածների թիվն է: Հաշվի առնելով այն, որ այս փաստաթղթերը գրվել են պատերազմական պայմաններում, և կարևոր արխիվային փաստաթղթերը ոչնչացված են, կարելի է ասել, որ հստակ թիվ չենք կարող ստանալ: Իմաստ էլ չկա, որևէ ջանք գործադրել: Մյուս կողմից` եթե նույնիսկ հիմք ընդունենք Թալեաթ փաշայի` ստույգ աղբյուրագիտական հենք հանդիսացող օրագիրը, ապա պարզ է, որ 400 հազարից ավելի հայ աքսորավայր չի հասել:

7.Տեղահանությունը սահմանափակվել է լոկ պատերազմական շրջանով

Տեղահանւթյան որոշումը սկսել են կիրառել մայիսին: Նախ` կիրառվել է պատերազմական շրջաններում:  

Նախ` տեղահանության որոշումը ոչ թե մայիսին, այլ փետրվարին են սկսել կիրառել: Պատճառ բռնելով դասալիքների հետ պայքարը՝ Զեյթունի և Դյորթյոլի հայերն աքսորվել են ներքին շրջաններ: Առաջին փուլում Դյորթյոլի և մերձակայքի հայերն աքսորվել են Կոնիա: 1915 թ. ապրիլի 8-ին Զեյթունի և Մարաշի հայերին ևս սկսել են ներքին շրջաններ աքսորել:  Պարզ է դառնում, որ ապրիլի կեսերին՝ տեղահանության առաջին փուլում, իրականացված այս աքսորները ոչ թե պատերազմի կանխարգելիչ ժամանակավոր միջոցառումներ են, այլ հայաթափ վայրերը բնակեցնում են մուսուլման փախաստականներով: 1915 թ. հունիսին ամբողջովին իսլամացված Զեյթունի անունը փոխում են Սուլեյմանլը: Այն, որ տեղահանությունները սկսվել էին ամիսներ առաջ, ապացուցում է նաև 1915 թ. մայիսի 31-ին Նախարարների խորհրդի կայացրած որոշումը, որտեղ ասվում է. «Այսուհետ արդեն սկսվել է տեղահանությունը»: Պատմական փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ տեղահանության մասին օրենքն ընդունել են տեղահանություններն սկսելուց հետո: Օտար պետությունների՝ աքսորների վերաբերյալ լուրերին հակազդեցություն ցուցաբերելուց և նույնիսկ կատարված ոճրագործությունների վերաբերյալ օսմանյան ղեկավարներին պատասխանատվության կանչող նոտարներ հղելուց հետո է միայն տեղահանությունն օրինականացվել: Ի պատասխան՝ Թալեաթ փաշան փորձել է օրինականացնել այս գործադրումը և դեպքերի պատասխանատվությունն իր ուսերից գցելով՝  կառավարության խնդիր ներկայացնել:       

8.Հայերին ուղարկել էին մի վայր, որտեղ հանգիստ էին գտնելու

Հայերին ուղարկել են ոչ թե անապատ, այլ կայսրության կազմում եղող Սիրայի` բնակության համար հարմար բնակավայրեր:

Օսմանյան արխիվային փաստաթղթերից և զեկույցներից պարզ է դռնում, որ օսմանյան ղեկավարները գիտեին, որ Դեր Զորը բնակության համար ոչ պիտանի անապատային շրջան է: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունը բախվեց կայսրության տարբեր շրջաններից աքսորված կամ էլ գաղթած մուսուլման գաղթականների բնակեցման խնդրի հետ: Պետական ղեկավարները սկսեցին հարցուփորձ անել, թե այս գաղթականների մի մասը կարո՞ղ է արդյոք բնակվել Դեր Զորի շրջանում: Դեր Զորի նախկին մութասարրըֆ Լյութֆի բեյը զեկույց պատրաստեց առ այն, որ շրջանը բնակության համար հարմար չէ: Այն, թե անապատ որակված շրջանի բնակության համար անշահավետ լինելու հարցը օսմանյան ղեկավարների համար որքան օրակարգային էր, կարելի է հասկանալ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից: Պատգամավոր Էմանուելիդես էֆենդին, քննադատելով այն, որ մուսուլման գաղթականներին բնակեցնում են Էգեյան և Թրակիայի շրջանների հունական գյուղերում, մատնանշում է Սկյութարից Բասրա ընկած դատարկ հողերը՝ առաջարկելով գաղթականներին տեղավորել այնտեղ: Այս առաջարկի վերաբերյալ Թալեաթ փաշան խոստովանել է, որ անապատային շրջանները բնակության համար պիտանի չեն. «Եթե Ձեր ասածի պես գաղթականներին այնտեղ ուղարկելով անապատով մեկ սփռեինք, այնտեղ համընդհանուր սովից կմեռնեին»: Այդ նույն Թալեաթ փաշան 10 տարի անց անձամբ որոշում է կայացնում հայերին աքսորել Դեր Զոր:

9.Ապրիլի 24-ի զոհերն  անմեղ  չէին 

1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ բոլոր մտավորականներն ապստամբություն հրահրող կոմիտեականներ էին:

Այս պնդմամբ վերոնշյալ 240 անձանց հայ մտավորականների դեմ կազմակերպված մեկ գործողությամբ ձերբակալեցին: Մի քանի օրվա ընթացքում 2345-ի հասած ձերբակալություններով՝ հայ պատգամավորից մինչև բանաստեղծ, նպատակ ունեին հայ ժողովրդին զրկել «գլխից»: Այս անձանց ձերբակալությանը հետևեց դեպի Այաշ և Չանքըրը աքսորը: Ձերբակալվածներից 761-ը, որոնց վերաբերյալ որևէ դատական գործընթաց չէր սկսվել, սպանվեցին: Առաջին փուլում ձերբակալվածների շարքում կային Երկրորդ սահմանադրության հռչակումից ի վեր ՄԱԿ-ի հետ տարբեր դաշինքներ կազմած, օրինական կուսակցության կարգավիճակ ունեցող Դաշնակցություն և Հնչակյան կուսակցության անդամներ, սակայն ձերբակալվածներն ամբողջությամբ այս կուսակցությունների անդամներ չէին: Նրանցից ոմանք որևէ կազմակերպության հետ առնչություն չունեին: Այս զանգածային ձերբակալություններով նպատակ ունեին կանխել, որպեսզի նրանք հայերի զանգվածային ոչնչացման քաղաքականության մասին միջազգային հասարակությանը լսելի չդարձնեն:

10.Իթթիհադականները միջազգային մակարդակով դատվելով  արդարացվեցին

Իթթիհադականները Մալթայի գործընթացով ցեղասպանության մեղքից միջազգային մակարդակով մաքրվեցին:

Այս պնդումն ամրապնդելու համար հրեաների ցեղասպանության մեղավորների նյուրենբերգյան դատավարությունը հավասարազոր են համարում Մալթայի «դատավարություններին»: Մինչդեռ Մալթայի դատավարությունների ցուցադրական այս պնդումը առաջին իսկ հայացքից անվստահելի է: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո կայացած Փարիզի հաշտության վեհաժողովում Անգլիայի պնդմամբ Ստամբուլում անմիջապես սկսվեց օսմանյան պետության պատերազմական հանցագործների դատավարությունը: Դատավարության գործընթացը սկսեց հենց օսմանյան կառավարությունը: Այս շրջանակում որոշ իթթիհադականներ, տեղական կառավարիչներ կայսրությանը պատերազմի եջ ներքաշելու և հայերի նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեղադրանքով ձերբակալվեցին:      

Այս դատավարության ընթացքում Անգլիան մտածում էր, որ Օսմանյան կայսրությունը չի կարողանալու արդար դատավարություններ իրականացնել եւ ձերբակալված անձնաց ազատ է արձակելու, հետեւաբար պահանջում էր մեղավորներին հանել օսմանյան հողերից: Անգլիայի այս առաջարկը դաշնակից պետությունների հավանությանը չարժանացավ, հատկապես Ֆրանսիան կոշտ հակազդեցությամբ հանդես եկավ: Ֆրանսիան այն կարծիքին էր, որ մինչ հաշտության պայմանագիր ստորագրելը անհրաժեշտ է, որ Օսմանյան կայսրությունում հանցանք գործածները դատվեն օսմանյան դատարաններում: Այս քննարկումների ժամանակ Ստամբուլի դատավարությունների շրջանակում վճռվեց կախաղան բարձրացնել Բողազլյանի կայմակամ Քեմալ բեյին: Վճիռն իրականացվեց: Դրանից հետո թուրքական ազգայնականների մի խումբ բողոքի ցույց կազմակերպեց: Անգլիան հիմնավորելով, որ ցույցերի հետևանքով բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու հնարավորություն կա, որոշեց որոշ ձերբակալվածների աքսորել Մալթա: Թեև Անգլիայի այս որոշումը ևս դաշնակիցների սուր քննադատությանն արժանացավ, սակայն Անգլիանպնդեց, որ բանտարկյալների համար փախչելու նպաստավոր պայմաններ կան, հետևաբար մինչ դաշնակից երկրների համատեղ դատարաններում դատվելը` կպահվեն Անգլիայի հսկողության տակ` Մալթայում:  Անգլիան պահանջում էր պատերազմական հանցագործություն կատարելու համար 240 հոգու դատել դաշնակիցների` համատեղ կազմվելիք դատարաններում: Այս անձանցից 70-ը ձերբակալված էր Մալթայում, իսկ մնացածները հետախուզության մեջ էին: 1920 թ. օգոստոսին Անգլիայի գլխավոր դատախազությունը ձերբակալվածներին, ըստ ներկայացված մեղադրանքի, բաժանում էր երեք խմբի՝ անգլիացի պատերազմի գերիների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերածներ, աքսորի, թալանի և կոտորածների մեջ մեադրվողներ, զինադադարը չպահպանելով` քաղաքական հանցանք գործածներ: Գլխավոր դատախազությունը որոշեց միայն առաջին խմբին դատել իր դատարանում, իսկ մնացած երկու խմբին հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո դատելու էին դաշնակիցների համատեղ կազմվելիք դատարաններում:   

Անգլիան մի կողմից` Փարիզում դաշնակից տերություններին փորձում էր համոզել դատել Մալթայի աքսորյալներին, մյուս կողմից էլ` Անատոլիայում գտնվող 24 անգլիացի պատերազմի գերիներին փրկելու համար օսմանյան քաղաքական առաջնորդների հետ բանակցություններ էր վարում: Նախ` ցանկացավ սակարկել Ստամբուլի կառավարության հետ, իսկ Անկարայի հետ բանակցություններն ընթանում էին Ազատագրական պատերազմի զարգացումներին զուգահեռ: Երկու բանակցություններն էլ նպատակ էին հետապնդում փոխանակման միջոցով փրկել անգլիացի պատերազմի գերիներին:  

Այս ընթացքում անգլիացի գերիների հարցը դարձավ անգլիական կառավարության ներքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Խորհրդարանում այս հարցի վերաբերյալ սուր քննարկումներ էին տեղի ունենում, կառավարությանը քննադատում էին, որ գերիներին հետ վերադարձնելու համար չի կատարում իր պարտականությունը: 

Թուրք-հունական պատերազմի՝ քեմալականների  օգտին ընթացք ստանալու հետևանքով Անգլիայի կառավարությունը, առաջացած անհանգստության և ներքիան քաղաքականության մեջ իր դիրքերն այս հարցի պատճառով զիջելու արդյունքում, գերիների հարցում հետ քայլ կատարեց՝ որոշելով անգլիացի գերիների դիմաց ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: 1924 թ. հոկտեմբերի 30-ին 24 անգլիացի գերու դիմաց Մալթայի բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին: Նույնիսկ նրանք, ովքեր մեղադրվում էին անգլիացի գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ազատ արձակվեցին:  

Երբ ուշադրություն ենք դարձնում Մալթայի աքսորների վերաբերյալ պատմական փաստերին, պարզ է դառնում, որ Մալթայի գործընթացն ամենևին էլ միջազգային ասպարեզում իրավական տեսանկյունից ՄԱԿ-ի արդարացվելու նշանակություն չունի: Առաջին՝ Մալթայի գործընթացը միջազգային դատավարության հարթակ չէ, այլ Անգլիայի կառավարության քաղաքական նպատակներ հետապնդած քաղաքական մեխանիզմ է (նախ և առաջ Անատոլիայի նվաճումը հեշտացնելու համար): Երկրորդ՝ Մալթայի գործընթացում գլխավոր դատախազությունը կոտորածի, թալանի և աքսորի մեջ մեղադրվողների վերաբերյալ միայն մեկ որոշում է կայացրել՝ այս անձինք դատվելու են ոչ թե Անգլիայի դատարաններում, այլ` միջազգային դատարաններում: Այսինքն՝ Մալթայի գործընթացում այս մարդկանց նկատմամբ ո՛չ դատական գործ է հարուցվել և ո՛չ էլ վճիռ է կայացվել: Երրորդ՝  երկրորդ խմբի անձինք իրավաբանորեն կոտորած, թալան և աքսոր իրականցնելու մեղադրանքից չեն արդարացվել, այլ ազատ են արձակվել` համաձայն գերիներին հետ վերադարձնելու համաձայնագրի:  

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ