News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կարծում է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա եւ ափսոսանք է հայտնում բանակցություններում առաջընթացի բացակայության առթիվ: Այս մասին նշված է ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարության մեջ, որն արվել է Բրյուսելում, Հանձնաժողովի 13-րդ նիստի արդյունքում, նոյեմբերի 28-29-ին:

Նիստի արդյունքում, Հանձնաժողովն ամփոփիչ հայտարարություն եւ առաջարկներ է ընդունել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ:

Նիստը տեղի է ունեցել Միլան Քաբերնոշի (ներկայացնում է Եվպորական պահպանողականների եւ բարեփոխականների խումբը) եւ Սամվել Ֆարմանյանի (ՀՀԿ-ական պատգամավոր) համատեղ նախագահությամբ:

Խորհրդարանական համագործակցության Հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի տեքստը թարգմանաբար ներկայացնում է NEWSam-ը:

Հայտարարության համաձայն Հանձնաժողովը

1. Ողջունում է վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը եւ համագործակցության բացվող հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում;

2. Հիշեցնում է, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցությունում «Եվրոնեսթի» շրջանակներում, եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին հավատարմության օրինակ է, որոնց կարեւորությունը ճանաչվում է հայ հասարակության մեջ լայն հասարակական կոնսենսուսով, ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը 2014 թվականին ընդունել «Եվրոնեսթի» լիագորմար նստաշրջանը;

3. Ողջունում է դինամիկ քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, որի մասին վկայում են վերջին արդյունավետ բարձր մակարդակի այցելությունները Երեւանի եւ Բրյուսելի միջեւ;

4. Ոգեշնչված է նրանով, որ բոլոր շահագրգիռ կողմերը 2012 թվականի ընտրությունների անցկացման շրջանակում, Եվրախորհրդարանի դիտորդների հետ հանդիպման ժամանակ ընդգծել են իրենց հավատարմությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ առաջընթացով, որի մասին վկայում են Եվրախորհրդարանի պատվիրակները, եւ ընդգծում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համապատասխան առաջարկությունները կյանքի կոչելու կարեւորությունը՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, որն առնչվում է ԵՄ-Հայաստան համաձայնագրին;

5. Ողջունում է Հայաստան-ԵՄ Համաձայնագրի բանակցություններում առաջընթացի փաստը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի 2012-ի ապրիլի 12-ին ընդունված բանաձեւի, որը վերաբերում է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրին, ճանաչում է Հայաստանի եվրոպամետ ձգտումները եւ դրանք համարում է կատալիզատոր, որը հանգեցնում է Հայաստանի կողմից օրենքի գերիշխանության եւ մադու իրավունքների հարգման սկզբունքներին հավատարիմ լինելու ամրապնդմանը;

6. Կոչ է անում պայմանավորվող կողմերին գործադրել բոլոր ջանքերը Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի համապարփակ գոտու (Association Agreement and the Deep and Comprehensive Free Trade Agreement - DCFTA) ստեղծման հարցով բանակցությունների ավարտի համար, հնարավորության դեպքում նախքան Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը;

7. Ընդգծում է, որ Ասցացման համաձայնագիրը պետք է համապարփակ եւ հեռանկարային հիմք ապահովի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման, քաղաքական ասոցիացիայի բարձրացման, տնտեսական ինտեգրման եւ իրավական նորմերի մերձեցման համար;

8. Ողջունում է փաստը, որ Ասոցացման համաձայնագիրը նախատեսում է խորհրդարանի դերի ուժեղացում, որը ենթադրում է Հայաստանի ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի ամբողջական մասնակցություն դրա իրագործման եւ մոնիթորինգի հարցում;

9. Ընդգծում է հիմնարար ազատությունների, ներառյալ հավաքների ազատության, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակման, լրատվամիջոցների մրցունակության եւ անկախության ապահովման մասին դրույթներն Ասոցացման համաձայնագրում ներառելու կարեւորությունը;

10. Ողջունում է ԵՄ առաջավոր փորձի եւ առաջարկությունների կիրառումը Հայաստանում՝ ազգային ծրագրերի նախապատրաստման ժամանակ, մասնավորապես արդարադատության, ազատությունների եւ անվտանգության ոլորտներում, նշելով զգալի արդյունքները, որոնք գրանցվել են  միգրացիոն սեկտորում Շարժական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրության արդյունքում:

11. Ի գիտություն է ընդունում Եվրախորհրդարանի լիագումար նիստի կոչը՝ ցանկացած տեսակի խտրականության վերաբերյալ օրենսդրության ընդունման անհրաժեշտության մասին, կոչ է անում հետագայում եւս ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի դերը՝ լրացուցիչ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ ապահովելով;

12. Ողջնունում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի վերաբերյալ բանակցությունների ավարտը եւ կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել եւ արդյունավետորեն կիրառել դրանք;

13. Ողջունում է Հայաստանի որոշումը, որով 2013-ի հունվարի 10-ից ԵՄ-ի եւ Շենգենյան համաձայնագրի երկրների բոլոր քաղաքացիների համար վերացվում է վիզաների անհրաժեշտությունը Հայաստան այցելության դեպքում;

14. Ամբողջությամբ ճանաչում է Հայաստանում բարեփոխումների հավակնոտ ծրագիրը՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ համապատասխան օգնության կոչ է անում, որը կտրամադրվի «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով, ողջունում է հաջորդ տարի դոնորների միջազգային կոնֆերանսի նախապատրաստման աշխատանքի սկիզբը՝ բարեփոխումները շարունակելու նպատակով;

15. Կիսում է համոզմունքը, որ ԵՄ-ն կարող է ավելի նպատակային ֆինանսական եւ տեխնիկական օգնություն ապահովել Հայաստանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, որոնք բխում են Ասոցացման համաձայնագրի եւ DCFTA բանակցություններից, որպես դրանց անքակտելի մաս, շարունակելով համալիր ծրագրերն, այդ թվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական կառավարումը, պետական ծառայությունը, արդարադատության համակարգի բարեփոխումները եւ խորհրդարանական բարեփոխումները;

16. Կարծում է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել, ափսոսանք հայտնելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ եւ ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարեւորությունը, որն ուղղված կլինի անվտանգ եւ բարգավաճող ապագա կառուցելուն;

17. Կրկին իր աջակցությունն է հայտնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ մադրիդյան սկզբունքներին, որոնք կողմերին են ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ամբողջությամբ պաշտպանում է 2011-ի մայիսի 26-ին, համանախագահող երկրների նախագահների Դովիլի հայտարարությունը, որը կողմերին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման հասնելու համար,  պաշտպանում է նաեւ 2012 թվականի հունիսի 18-ին ընդունված Լոս Կաբոսի հայտարարությունը, ընդգծում է ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելու կարեւորությունը, որպես կարեւոր քայլ՝ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կայուն խաղաղություն կապահովի, ընդգծում է ապագայում իրավականորեն պարտադիր, քաղաքացիների ազատ կամարտահայտման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարեւորությունը՝ կապված (Լեռնային Ղարաբաղի –խմբ) կարգավիճակի վերջնական որոշման հետ;

18. Ընդգծում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւոր նշանակությունը, ներառյալ ԵԱՀԿ առաջարկների համաձայն դիպուկահարների հեռացումը շփման գծից;

19. Պաշտպանում է ակտիվ կանխարգելիչ միջոցառումների համար մեխանիզմների ստեղծման եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գաղափարը, որի մասին ասվում է 2011-ի մարտին, Սոչիի գագաթաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունում եւ որը պաշտպանել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները;

20. Հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դեր խաղա վստահության ամրապնդման միջոցառումներին հետագայում եւս աջակցելու հարցում՝ խաղաղության, հաշտության եւ ԼՂ հակամարտության բոլոր կողմերի միջեւ վստահության գաղափարի տարածման համար, թեեւ չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ընդգծում է այն նշանակությունը, որը նա տալիս է ԵՄ ներկայացուցիչների, այդ թվում Եվրախորհրդարանի անդամների անվերապահ մուտքին տարածաշրջան;

21. Ափսոսանք է հայտնում Ադրբեջանի նախագահի որոշման առթիվ, որով ներում է շնորհվել դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով ԵՄ անդամ երկրի դատարանի կողմից պատժի էր դատապարտվել (ցմահ ազատազրկման-խմբ), խորը ափսոսանք է հայտնում Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո նրան փառաբանելու առթիվ, համարում է, որ այդ ժեստը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին, սրում է անարդարության զգացումը, Հանձնաժողովը դատապարտում է ցանկացած նման սադրանք, որոնք էլ ավելի են մեծացնում լարվածությունը առանց այդ էլ լարված եւ անկայուն իրավիճակում;

22. Խորապես անհանգստացած է, որ նման գործողությունները կարող են սպառնալիքի տակ դնել հաշտության փորձերը եւ էլ ավելի խափանել տարածաշրջանում խաղաղ շփումների հետագա զարգացումը, ինչը զգալի միջոց է կայուն խաղաղության հասնելու համար;

23. Ողջունում է բոլոր հայտարարությունները, որոնք ուղղված են խաղաղ կարգավորման հասնելուն եւ հիշեցնում, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի նախատեսվող բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից հավաստիացում են ստացել, որ միջազգային իրավունքի համաձայն նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ եւ որ կողմերը ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից;

24. Ափսոսանք է հայտնում հայ-թուրքական երկու արձանագրությունները վավերացնելու մերժման առթիվ, որոնք ստորագրվել են 2009 թվականին Ցյուրիխում եւ այդ համատեքստում համառորեն կոչ է անում բոլոր կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարել իր պարտավորությունները, ընդգծում է ցյուրիխյան արձանագրությունների վավերացման եւ առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացմանը նպաստելու, հետագայում սահմանի բացման կարեւորությունը;

25. համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները չպետք է կապված լինեն եւ աջակցում է բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանային համագործակցության աջակցմանը, այսպիսով վերջ դնելով տարածաշրջանի ցանկացած երկրի տնտեսական մեկուսացման քաղաքականությանը;

26. Հիշեցնում է Եվրախորհրդարանի 1987 թվականի բանաձեւը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին եւ խրախուսում է, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում, որը կարող է նպաստել երկու հարեւան երկրների միջեւ հաշտությանը՝ խաղաղ գոյակցության եւ կայուն համագործակցության ապահովման համար;

27. Ողջունում է ոլորտային համագործակցության մեծացումը ԵՄ կառույցների եւ Հայաստանի միջեւ եւ գոհունակություն հայտնում՝ կապված Հայաստանի կառավարության ջանքերի հետ, որոնք հանգեցրել են DCFTA բանակցությունների մեկնարկին 2012-ի հունիսի 19-ին;

28. Նշում է Հայաստանի նկատմամբ Եվրախորհրդարանի խրախուսումը, որի նպատակը DCFTA-ի ներուժի ամբողջական օգտագործումն է, ամրապնդելու համար նրա տնտեսությունը, արտահանման հնարավորությունները եւ մուտքը ԵՄ շուկաներ՝ իր ազգային ստանդարտները մոդեռնացնելու ճանապարհով, ընդգծում է համաձայնագրի իրականացման կարեւերությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական եւ ֆիտոսանիտարական ստանդարտները եւ մտավոր սեփականությունը;

29. Նաեւ ողջունում է ԱՀԿ պետական գնումների մասին 2011-ի սեպտեմբերի 15-ի բազմակողմ համաձայնագրերին միանալու Հայաստանի որոշումը;

30. Ողջունում է դիտորդի կարգավիճակով Հայաստանի միացումը Էներգետիկ ընկերակցությանը, որը կարող է նպաստել էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության բարելավմանը՝ նորմատիվ-իրավական բազայի բարելավման ճանապարհով եւ ԵՄ-ի ու գործընկեր երկրների միջեւ հետագա գործընկերության համար;

31. Ի գիտություն է ընդունում այն նշանակությունը, որը Եվրախորհրդարանը տալիս է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, հատկապես եվրաինտեգրման ուղղություն ընտրած երկրների կողմից;

32. Ընդգծում է Ասոցացման համաձայնագրից ստացվելիք պոտենցիալ շահը, որպես տարածաշրջանային համագործակցության եւ փոխգործակցության զարգացման պլատֆորմ, մասնավորապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում;

33. Վերջապես, աջակցում է հայկական քաղաքական ուժերի ինտեգրումն ու ակտիվ մասնակցությունը Եվրամիության քաղաքական ընտանիքին՝ ԵՄ խորհրդակցական խմբի մշտական աջակցության պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ