Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի բողոքը քննելու է Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Մանուչարյանը: Նա նշեց, որ նիստի օրը նշանակվելու մասին դեռեւս գրություն չի ստացել:
Սերոբ Բոզոյանը բողոքարկում է վճիռը եւ պահանջում պատժատեսակի փոփոխություն, իսկ եթե պատժատեսակը չփոխվի, ապա գոնե ներկա պատժատեսակի` ազատազրկման պայմանական չկիրառում: «Կա նախատեսված նաեւ տուգանք, եւ դատարանը, հաշվի առնելով նրա անցած կենսագրությունը, կարող է նշանակել եւ պետք է նշանակի տուգանք: Եւ եթե դատարանը, այնուամենայնիվ, նախատեսի որոշակի ժամկետով ազատազրկում, ապա պետք է այդ 1 տարին պայմանականորեն չկիրառվի` հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նախկինում դատված չլինելը եւ այլն»,- ասաց նա:
Փաստաբանը դիմել է Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոն` խնդրելով նրա առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ հայտնել:
Սերոբ Բոզոյանի դուստրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հոր առողջական վիճակը նորմալ է, հետվիրահատական շրջանում է գտնվում:
Նշենք, որ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 7-ին Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոնում վիրահատվել է միզապարկի քաղցկեղի կապակցությամբ, ավելի վաղ նա նորից էր վիրահատվել այդ կենտրոնում, սակայն հիվանդությունը կրկնվել էր:
Ավելի վաղ Սերոբ Բոզոյանը վիրահատվել է նույն կենտրոնում, սակայն հիվանդությունը կրկնվել էր:Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Սերոբ Բոզոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, եւ նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:




























