News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մարտի 8-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Գեորգի Գարեգինի Ասատուրյանը:

Գեորգի Ասատուրյանի  մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման  կառավարական հանձնաժողով:

Գեորգի Ասատուրյանը ծնվել է 1924 թ. մարտի 15-ին, Թբիլիսիում: 1951 թ. ավարտել է Երեւանի պետական թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, պրոֆեսոր Վ. Վարդանյանի ղեկավարած կուրսը: Հարուստ ու բեղմնավոր է եղել Գ. Ասատուրյանի անցած աշխատանքային ու հասարակական գործունեությունը: 1954-1958 թթ. աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի գլխավոր վարչության պետի տեղակալ,   եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրեն եւ ռեժիսոր (1958-1963 թթ., Հայաստանի սպորտկոմիտեի նախագահ (1963-1967 թթ., Հայաստանի կինեմատոգրաֆիստների եւ կինոֆիկացիայի կոմիտեի նախագահի տեղակալ (1968-1969 թթ., ապա եւ՝  Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության պատասխանատու քարտուղար եւ «Էկրան» ստեղծագործական արտադրական փորձարարական միավորման տնօրեն (1969-1976 թթ.,  «Հայհամերգ» միավորման գլխավոր տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր (1976-1986 թթ., «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն (1986-1991 թթ., «Հայֆիլմ» կինոստուդիային կից կոմերցիոն միավորման տնօրեն (1991-1993 թթ.: 1993-2006 թթ. հանդիսացել է մարզամշակութային-տնտեսական «Արարարատ-Օլիմպ» ՍՊ ընկերության տնօրենը:

Նրա անմիջական նախաձեռնությամբ եւ մտահղացումներով Հայաստանում բուռն ծաղկում ապրեց մշակութային զանգվածային միջոցառումների կազմակերպումը, սպորտի մասսայականացումը: Հատկանշական են «Ոսկե աշուն» տոնակատարությունների անցկացումը, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր հանդիսատեսներ: Անցյալ դարի 60-ական թվականներին Ասատուրյանը առաջին անգամ Սփյուռքի հայությանը ներկայացրեց հայ մշակույթի եւ արվեստի տարբեր ժանրերը: Տասնյակ հայ արվեստագետներ, անվանի կատարողներ ու խմբեր նրա անմիջական ջանքերով հյուրընկալվեցին արտասահմանյան տասնյակ երկրներում՝ դրանով իսկ նպաստելով հայապահպանության գործին եւ ազգային մշակույթի հանրահռչակմանը:

Բարձր է գնահատվել Գեորգի Ասատուրյանի վաստակն ու գործունեությունը: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, տասնյակ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Անվանի հասարակական ու մշակութային գործիչի  հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների ու գնահատողների սրտերում:

Գեորգի Ասատուրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 10-ին, ժամը 18:00-ին, Երեւանի Սբ Հովհաննես եկեղեցում «Կոնդի»: Վերջին հրաժեշտը՝ մարտի 11-ին,  ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին, Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախի):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ