News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման մասին հրապարակումների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարությունն այսօր՝ ապրիլի 17-ին տարածել է հաղորդագրություն:  Դրանում, մասնավորապես, նշված է.

«Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ եւ հասնում ավելի քան 70 հազար տոննայի: Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաեւ վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները: Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիսին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով):

Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր եւ այլն), իսկ ցածր գնով եւ մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր: Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները («Չանախ» եւ այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում եւ գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած: Սրանով է պայմանավորված ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը:

Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին, ապա այն ոչ թե պակասել, այլ կտրուկ ավելացել է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ