News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ նյարդային խնդիրներ են առաջացել եւ ապրիլի 30-ին նա կենթարկվի դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: Նրա փոխանցմամբ՝ համապատասխան փորձագիտական հանձնաժողովը խնդրել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, փորձաքննությունն անցկացնելու համար ապահովել ամբաստանյալի ներկայությունը:

Կարինե Ամոյանը նշեց, որ որդու մոտ վերջին զարգացումներից հետո  նյարդային խնդիրները սրվել են եւ տարօրինակ բաներ է ասում: «Այն աստիճանի հասցրեցին, որ երեխայիս հոգեկանը խանգարվեց: Քյարամս գլխի վիրահատություն էր տարել, ինսուլտ ստացավ, հիմա էլ նյարդային ապրումներից տարօրինակ բաներ է անում ու ասում: Իրական հանցագործներին թողեցին ընկան մեր հետեւից տուններս քանդեցին»,- ավելացրեց Կարինե Ամոյանը:

Հիշեցենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 9.00-ի  սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել է, ճնշումը կտրուկ բարձրացել է, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը տրաքել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված է ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ բուժվեց: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի:  «Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանանոցում էր պառկած»,- պատմել էր Քյարամ Ամոյանի մայրը:

Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ն ավելի ուշ կալանավորվել էին, որոնց թվում էր նաեւ Քյարամ Ամոյանը:

Տպել
Ամենաշատ