News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ լիներ, ես նրան կասեի, որ Երեւանի հաջորդ քաղաքապետը լինելու է Արմեն Ռուստամյանը: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ կուսակցության գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Ավղան Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, որ ապրիլ 19-ին Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցների եւ Երեւանի հնարավոր քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի ներկայությամբ հայտարարել է, որ մայրաքաղաքի հաջորդ քաղաքապետը լինելու է Արմեն Մարտիրոսյանը:

«Բնական է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ունի քաղաքապետի ընտրության համար կուսակցական իր համամասնական ցուցակը եւ նրա քարոզարշավն ուղղված պետք է լինի իր թեկնածուի օգտին»,- նշել է Ավղան Վարդանյանը: Նա նաեւ առաջարկել է գնալ «Ժառանգության» գրասենյակ եւ այնտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությամբ հայտարարել. «Պարոն Հովհաննիսյան, Երեւանի հաջորդ քաղաքապետը դառնալու է Արմեն Ռուստամյանը»:

Նրա խոսքով` ընտրությունների ժամանակ մեծ դեր է խաղում համեմատությունը: «Համամեմատեք քաղաքապետի բոլոր թեկնածուներին եւ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները: Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ-ն երբեք չեն ասոցացվել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա շարժման հետ»,- ընդգծել է Ավղան Վարդանյանը` ավելացնելով, որ նախագահական ընտրություններից երեք օր անց նրանք ասել են, որ անհրաժեշտ է կազմակերպել եւ  ինստիտուտականացնել ընդդիմադիր շարժումը, շրջաններում կառույցներ հիմնել, այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց այդ անել միայն երեք ամիս անց:

«Մենք նրան հաջողություն ենք մաղթում, բայց ներկա պահին մենք Երեւանի ավագանու խնդրի առջեւ ենք կանգնել, որում քաղաքապետի քիչ թե շատ հնարավոր թեկնածուներից մեկը ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանն է»,- ամփոփել է Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ