News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ապրիլի 24-ին, 19:15-ին սկսվել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումը, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ` Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքված հարյուրավոր մասնակիցներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մոմ վառել եւ մեխակներ դրել 1915-ի ապրիլի 24-ին մահվան ուղարկված հայ մտավորականների եւ քաղաքական գործիչների լուսանկարներին:

Սգո միջոցառման ժամանակ ելույթով հանդես է եկել թուրք հայտնի պրոֆ. Գենջայ Գյուրսոյը`դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլում 240 հայի են ձերբակալել, որոնց թիվը մի քանի օրում հասել է 2 հազար 345-ի: Այդ ձերբակալություններն ուղղված են հայ հասարակությանը զրկել ուղեղներից: Այդ պատճառով ապրիլի 24-ը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբ:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունն այս հողերում է տեղի ունեցել: Ավերվել եւ թալանվել են հայերի եկեղեցիները, դպրոցները եւ տները»,-նշել է Գյուրսոյը` շեշտելով, թե չնայած 98 տարի անցել է, դեռ շարունակվում է հայերի հանդեպ թշնամությունը:  Նա հիշեցրել է, որ 2007-ին սպանվեց Հրանտ Դինքը, իսկ 2011-ին` Սեւակ Շահին Բալըքչըն, սակայն նրանց սպանողներն ու սպանության կազմակերպիչներն ազատ են:

Այն պահին, երբ Թաքսիմում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումն էր, Թաքսիմի մի հատվածում բողոքի ակցիա էին իրականացնում «Ժողովրդի փրկություն” կուսակցության մոտ 20 անդամ` հայտարարելով, թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստների հորինած սուտն է:

Նշենք, որ ապրիլի 24-ին, Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սգո միջոցառումներ եւ կոնֆերանսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ