Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գիշերն անհանգիստ է եղել. Վուլվիչ թաղամասում հարյուրավոր ազգայնականներ բրիտանացի զինծառայողի սպանությունից հետո ցույցի են դուրս եկել եւ քարեր նետել ոստիկանների վրա:

Մայիսի 22-ի ցերեկը երկու սեւամորթ երիտասարդներ վրաերթի էին ենթարկել «Օգնիր հերոսներին» բարեգործական կազմակերպության տարբերանշանով շապիկ հագած մի անցորդի, իսկ հետո դանակներով եւ հրազենով հարձակվել էին նրա վրա, եւ, ըստ ականատեսների, բառացիորեն կտոր-կտոր արել երիտասարդին:  «Ալլահ աքբար» բացականչություններով` հանցագործները սպանվածի մարմինը քարշ են տվել փողոցի կենտրոն, եւ թափահարելով արյունոտ դանակները, հարձակվել անցորդների վրա` պահանջելով նկարահանել իրենց: 

Ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո հանցագործները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ծանր վիճակում է: 

Պարզվել է, որ հանցագործության զոհ է դարձել  Թագավորական հրաձգային գնդի մի երիտասարդ զինվոր: Ըստ տեղի լրատվամիջոցների` նրա զինակիցների մի մասն այժմ Աֆղանստանում է: 

Ողբերգության ականատեսի արված տեսագրությունում հարձակվողներից մեկը գոռում է. «Մենք երդվում ենք ամենազոր Ալլահով, որ երբեք չենք դադարի պայքարել ձեր դեմ»: Նա իր արարքը բացատրում է որպես մահմեդականների դեմ պայքարողների վրեժ: «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:

Լոնդոնում կատարվածը բրիտանական իշխանությոններն անվանել են ահաբեկչություն: Շտապ գումարվել է  «Կոբրան» ` բարձրաստիճան  պաշտոնյաներից կազմված հատուկ հանձնաժողով, որն արձագանքում է երկրում արտակարգ իրավիճակներին, հաղորդում է «vesti.ru»-ն: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն կատավածի մասին լսել է Ֆրանսիայում, որտեղ գտնվում էր այցով:   Նա վճռել է ընդհատել այցը` մայիսի 23-ի առավոտյան ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ նիստ անցկացնելու համար: