Ռուսաստանի Սարատովի մարզի Պուգաչեւ քաղաքում կերսկսվել են հուզումները, որոնք սկիզբ էին առել այն բանից հետո, երբ 16-ամյա չեչենն սպանել էր դեսանտային Ռուսլան Մարժանովին: Քաղաքի կենտրոնում, այսօր՝ հուլիսի 8-ին, ինքնաբուխ հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 700 մարդ:

Հանրահավաքի ժամանակ շրջանի ղեկավար Ստանիսլավ Սիդորովը փորձել է բնակիչներին զեկույց ներկայացնել վարչակազմի աշխատանքների մասին, բայց նրա գլխին շշով ջուր են լցրել: Ամբոխը դա մեծ ոգեւորությամբ է ընդունել:

Բնակիչները պահանջել են արտաքսել չեչեններին Սամարայի մարզից, այլ պայմաններ նրանք չեն ընդունել: Հանրահավաքի ժամանակ Սիդորովը հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին, բայց բազմությունը բացասաբար է արձագանքել այդ առաջարկին՝ բացականչելով. «Վերցրու քո չեչեններին ու հետ տար լեռները» եւ «Ինչու ինչ-որ բան գրել, ի՞նչ նախաձեռնող խումբ, արտաքսիր դրանց», հաղորդում է «Ազատ նորություններ» գործակալությունը: 

Պուգաչեւ քաղաքի բնակիչների մի խումբը փորձել է փակել Վոլգոգրադ-Սամարա դաշնային նշանակության ավտոմայրուղին: Ոստիկանները որոշել են բացել ճանապարհը, տեղի է ունեցել բախում: Մի քանի բեռնատարներով ոստիկաններին օգնության են եկել ՕՄՕՆ-ականները:

Քաղաքացիների մի խումբ, մոտ 200 մարդ, ցանկացել է գրոհով վերցնել վարչակազմի շենքը, որը շրջափակված է եղել 20 ոստիկաններով:

Հայտնի է դարձել, որ Կազանից Պուգաչեւ են ցանկացել գալ թաթարական համայնքի ներկայացուցիչները՝ 5 մեքենաներով եւ աջակցել տեղի բնակչությանը: Բայց նրանց կանգնեցրել են շրջանի սահմանին, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ի գիշերը 16-ամյա չեչենը դանակահարել էր 20-ամյա Ռուսլան Մարջանովին՝ մի աղջկա համար: Տեղացի զինծառայողի հուղարկավորությունը վերածվել է հանրահավաքի եւ չեչենական սփյուռքի հետ զանգվածային ծեծկռտուքի: