ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված՝ մենք այս պահին ունենք քրեական վարույթ, բայց վարույթը նոր ենք ստացել։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
Նա հայտնել է, որ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Երբ հասնի այն պահը, որ մենք կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալ ունենանք, անպայման հանրությանը կիրազեկենք»,- ասել է նա։
ՔԿ նախագահը նշել է նաև, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված նույնպես վարույթ կա:
«Մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, բայց նաև այլ վարույթներ ունենք, որոնցով էլի կատարվում են քննչական գործողություններ: Առաջիկայում դուք կիրազեկվեք»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ քրեական հետապնդում էր հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի նկատմամբ:
Դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը)։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։





























