Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի նկատմամբ  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հետախուզում է հայտարարել:  Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին` 35-ամյա Գեւորգ Թումասյանը:

Բանն այն է, որ Գեւորգ Թումասյանի եւ Սամվել Շառոյանի միջեւ 2009թ պարտավորագիր է ստորագրվել, ըստ որի`  Սամվել Շառոյանը իրենից պարտքով վերցրել է 10 միլիոն դրամ եւ պարտավորվել չվերադարձնելու դեպքում իրեն պատկանող թռչնանոցը տալ: Նա նշել է, որ պարտքի վերաբերյալ են պայմանագիր կնքել, քանի որ թռչնանոցը պետական գրանցում չուներ, սակայն այդպես էլ ոչ գումարը, ոչ թռչնանոցը քաղաքացին չի ստացել: Դրանից հետո սկսվել է դատական գործընթացը, որը տեւել է տարիներ: Դատարանը վճռել է, որ Սամվել Շառոյանը պետք է վերադարձնի քաղաքացու պարտքը, սակայն որոշումը ուժի մեջ մտնելուն պես, Գեւորգ Թումասյանի փոխանցմամբ, նա օտարել է իր գույքը. նվիրատվություն է արել ուրիշներին, որպեսզի խուսափի գումարը վճարելուց:  Եւ երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գնացել է գումարը պահանջելու, նա միանգամից  դուրս է եկել տան գրանցումից եւ ասել, որ ոչինչ չունի, միայն հագուստն է: Այժմ Գեւորգ Թումասյանը «ոչ գումարի, ոչ թռչնանոցի տերն է»: «Սամվել Շառոյանն էլ խուսափում է թռչանոնցը պետական գրանցել, քանի որ ԴԱՀԿ-ն միանգամից այն կվերցնի

Այժմ ԴԱՀԿ որոշում է կայացրել, որի մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, հետեւաբար` որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: «Հարկադիր կատարողը փնտրել է նրան, չի գտել, կոպիտ ասած` փախած է, զանգերին չի պատասխանում, տունը երբ որ պետք է, չի երեւում եւ դրա համար հետախուզում է հայտարարվել»,- ասաց Գեւորգ Թումասյանը:

Քանի որ Սամվել Շառոյանը իր ունեցվածքը օտարել է, նվիրել կամ հանել է իր անունից, այժմ  Գեւորգ Թումասյանը նորից դիմել է դատարան` խնդրելով նրան հարկադրաբար ստիպել թռչնանոցը գրանցել իր իսկ անվամբ, որպեսզի բռնագանձեն: Առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 17-ին:

Նա պատրաստվում է նաեւ նամակով դիմել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տեղեկացնելով, որ իր ավագանու կազմում աշխատում է խաբեբա, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` կուսակցի մասին: «Երեւան քաղաքի ավագանու անդամը հետախուզման մեջ է, դա նորմալ երեւույթ է, պետք է որ նորմալ չլիներ»,- ասաց Գեւորգ Թումասյանը: