News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ներկայացնում ենք հասրակական գործիչ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովի՝ NEWS.am-ին տված հարցազրույցը:

Պարոն Դվորնիկով, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եղել եք մեկ տարի առաջ: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում:

Մեկ տարվա ընթացքում Ղարաբաղն ավելի լուսավոր եւ վառ է դարձել, մարդիկ հանգիստ են ապրում: Այս անգամ հանդիպման ժամանակ մենք արդեն չենք քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, օրակարգում հարցեր էին, որոնք վերաբերում էին փոքր բիզնեսի, գյուղատնտեսության զարգացմանը: Խոսել ենք հաջողակ պետության քաղաքականության եւ տնտեսության մասին: Կարծում եմ, որ հենց այդ համատեքստը, այդ ինտոնացիան պետք է հիմա զարգանա: Ինչո՞ւ խոսել այնպիսի բաների մասին, որոնք այսպես, թե այնպես ակնհայտ են: Եկեք մանրամասնենք եւ այդ երկրի մասին պատմենք այն, ինչ նա ունի, ինչի արժանի է: Չեմ ցանկանում որեւէ մեկին վիրավորել, սակայն շատ անկախացած երկրներ չեն կարող նման հաջողություններով պարծենալ՝ հաշվի առնելով սահմանափակ ֆինանսավորումն ու բլոկադան, որի մեջ է Ղարաբաղը:

Իչպե՞ս եք տեսնում Ղարաբաղի տնտեսական զարգացումը:

Առաջին հերթին դա էկոտուրիզմն է: Արցախը պետք է ժամանակակից դառնա, այն պետք է բրենդ լինի գեղեցիկ վայրերում՝ բնության գրկում, հանգստի սիրահար բոլոր երիտասարդների համար: Բնականաբար գյուղատնտեսության զարգացմանը զուգահեռ Ղարաբաղը կկերակրի Հայաստանին, Ռուսաստանին, որտեղ կա սպառողական անվտանգության խնդիր: Ղարաբաղի ժողովուրդը ներդաշնակ է բնության, ավանդույթների հետ: Նրանց պետք չէ վերապատրաստվել, նրանք աստիճանաբար կկատարելագործվեն: Կարծում եմ պետությունը ճիշտ ուղիով է ընթանում:

Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Շատ եմ ուզում հավատալ, որ ղարաբաղյան հարցը կկարգավորվի առանց ռազմական գործողությունների վերսկսման: Ղարաբաղ կատարած մեր այցելության նպատակն է ցույց տալ, որ սա խաղաղ պետություն է եւ այդպիսին էլ պետք է մնա: Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան խնդիրը լուծված է: Արդեն կա կայացած եւ բավականին հաջող պետություն: Խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր դրա հետ համաձայն չեն, ընդունեն այդ փաստը: Սակայն այստեղ շատ են հոգեբանական եւ քաղաքական գործոնները: Պետք է պարզապես սպասել, որ կգա ժամանակը եւ կփոխվի քաղաքական սերունդը եւ այդ ժամանակ ղարաբաղյան խնդրի լուծումը կհեշտանա:

Թուրքիան եւ Իրանը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդներ հանդես գալ: Ի՞նչ եք կարծում՝ դա ընդունելի է, եւ անհրաժեշտ է այ՞դ կերպ փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրը կարելի է համեմատել նեյրովիրաբույժի աշխատանքի հետ, երբ մի անզգույշ գործողությունը կարող է կաթվածահար անել մարդուն: ԵԱՀԿ ՄԽ-ից հրատապ արդյունք ակնկալել անհնար է եւ այդ կառույցում ուժերի, գաղափարների հավասարակշռության խախտումը արդյունավետ չէ: Եթե Թուրքիան եւ Իրանն առաջարկություններ ունեն, ապա պետք է լսել եւ գնահատել դրանք: Իրանական ուղղվածությունը կարող է հեռանկարային լինել ընդհանուր սահմանի առկայության պարագայում, եթե Իրանի շահերը համընկնեն ոչ միայն Ղարաբաղի եւ Հայաստանի, այլեւ Ռուսաստանի շահերի հետ: Այնուամենայնիվ, այդ հարցում պետք է ուշադիր եւ հավասարակշռված գործել: Թուրքիայի դեպքում, բնականաբար, կա կանխակալության գործոնը, սակայն կարելի է լսել՝ հասկանալու, թե ինչ է ցանկանում  այդ երկիրը:

Զրուցեց Մարիա Ասատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ