Հոկտեմբերի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանից ազատ արձակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը (ֆոտոռեպորտաժ

Դատավոր Եվա Դարբինյանը կարդաց դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետով ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց, իսկ մյուս երկու կետերով դատապարտվեց երեք տարվա ազատազրկման եւ համաներումով դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Դրսում Տիգրան Առաքելյանին եւ մյուս դատապարտյալներին դիմավորեցին ՀԱԿ-ի անդամները եւ մի քանի տասնյակ համակիրներ։ Նրանք ուրախությունից ողջագուրվում էին ու շնորհավորում միմյանց՝ վանկարկելով «Տիգրան, Տիգրան»։

«Ոչինչ չի փոխվել, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,-դատարանի բակում լրագրողներին ասաց Տիգրան Առաքելյանը։

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք Տիգրան Առաքելյանի ազատության համար որեւէ  մեկին շնորհակալ լինելու առիթ չունեն, քանի որ «իրենց հարկավոր չէ այսպիսի արդարությունը»։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am