News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը


Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ  Բաղդասարյանը  դիմելու է Վճռաբեկ դատարան՝ հասկանալու համար, թե ինչու են առանց հիմքերի կալանավորել իր պաշտպանյալին։ Այս մասին Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին ասաց նոյեմբերի 21-ին՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու Վերաքննիչ քրեական դատարանի վճռին։

Դատարանը խոստացել է երեք օրվա ընթացքում հրապարակել որոշման հիմնավորումը։ Փաստաբանն ասաց, որ եթե Վերաքննիչ դատարանը փորձի ապօրինություն անել և վերաքննիչ ակտի մեջ նշել հիմքերը, որոնք չեն եղել առաջին ատյանի դատարանի վճռում, ապա իրենք հարց կբարձրացնեն, թե ինչու է առաջին ատյանի դատարանը կալանավորման որոշում կայացրել առանց այդ հիմքերի:

«Մենք ոչ մի քննչական գործողությունների չենք մասնակցելու, մինչև այս գործը չբերեն օրինական հունի մեջ»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը:

Նրա խոսքով՝ կասկածներ կան, որ Հակոբյանների ավտոմեքենայի հետ կապված լուրջ խախտումներ են թույլ տրվել. «Ես միջնորդել եմ, որ թույլ տան մեքենան ես զննեմ, և ասել եմ, որ կասկած կա փորձագիտական եզրակացության մեջ, որ լապտերը փոխվել է»:

Մեքենան անձամբ զննելու Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը մերժել են։  «Ես ուզում եմ մի բան անել, որ այս գործը գնա հաշտության, որովհետև երկու մարդ է մահացել: Եթե այդքան բանը չեն հասկանում քննիչը կամ իր վերադասները, ես այդքան բանը հասկանում եմ»,- ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկել է տուժողի ներկայացուցիչներին նստել, քննարկել, որպեսզի ինքը ցույց տա, թե իրականում ինչ է եղել. «Վարդան Պետրոսյանը ասեց, որ եթե դուրս գա, քայլ անենք, նստենք, բոլորս միասին լուծում գտնենք այս հարցին, և սա ավարտվեր»:

Ըստ փաստաբանի, պետական մարմինները իրենց մեղքի բաժինն այս պատահարում շատ ունեն, որովհետև տվյալ ճանապարհը սխալ է կազմակերպված. «Եթե մարդը բաց է թողնում դեպի Աշտարակ գնացող ճանապարհը, էլ չի կարողանում այդ ճանապարհի վրա ընկնի, քանի որ նշան չկա»:

Վարդան Պետրոսյանին աջակցելու եկած Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հարց ուղղեց փաստաբանին, թե ինչ կարող են անել իրենք, քանի որ չեն ուզում իրենց քայլերով գրգռել մյուս կողմին, բայց չեն էլ կարող հանդուրժել դերասանի հանդեպ տեղի ունեցող «այլանդակությունը»: Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը դիմել է Մարդուի իրավունքների հանձնակատարին Եվրոպայում, նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, որ Վարդանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել. «Փաստել եմ, որ անմարդկային վերաբերմունքը կայանում է նրանում, որ մարդու առողջական վիճակը թույլ չի տալիս ներգրավվել դատավարական գործողություններում, իրեն ներգրավվում են»:

Փաստաբանի կարծիքով՝ ընդհանրապես հիմքեր չկան, Վարդան Պետրոսյանին կալանավորելու, և դա այն պարագայում, «երբ Շառլ Ազնավուրն է դիմել, հանրապետության նախագահն ասել է, որ էստեղ սխալներ կան, ազգային ժողովի պատգամավորներն են երաշխավորել և պատրաստ են վճարել գումար, որ Վարդան Պետրոսյանը պատշաճ ձևով կներկայանա դատավարությանը»:

«Նույնիսկ մի 8-9 տարեկան երեխա է նամակ փոխանցել, որ խնդրում եմ Վարդան Պետրոսյանին ազատ արձակեք»,-ասաց փաստաբանը, նշելով որ այդ նամակն էլ է դատարան ներկայացրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում է «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից սրտի հետ կապված գանգատների պատճառով։

Տպել
Ամենաշատ
Partner news