News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանում տարվա 10 առավել կարեւոր իրադարձությունները.

1. Մահափորձ նախագահի թեկնածուի դեմ. Դատապարտվեց մյուս թեկնածուն

Նախագահի նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացվել էր հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաններում, Երեւանի կենտրոնի իր տան մոտ: Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին մահափորձի կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը: Պարզվեց, որ նրանք նախագահի մեկ այլ թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի ծանոթներն են, վերանորոգում են արել Սեդրակյանի առանձնատանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման՝ Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Ինքը՝ Սեդրակյանն իր մեղքը չի ընդունել:

2. Հայաստանի նախագահի ընտրությունները

Հայաստանում փետրվարի 18-ին կայացել են պատմության մեջ թվով վեցերորդ նախագահական ընտրությունները: Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում էին 7 թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն ու էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: ԿԸՀ պաշտոնական տվյալներով, Սերժ Սարգսյանը ստացել էր ձայների 58,64 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,74 տոկոսը:

3. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հացադուլն ու «Բարեւի հեղափոխությունը»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չճանաչեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները ու բողոքի զանգվածային ակցիաներ էր սկսել Ազատության հրապարակում ու կոչ էր անում չեղյալ հայտարարել դրանք: Հովհաննիսյանը հայտարարել էր «Բարեւի հեղափոխության» մեկնարկի մասին: Փետրվարի  21-ին Հովհաննիսյանն ընդունել էր նախագահ Սարգսյանին: Հանդիպումը դռնփակ է անցել: Հանդիպման ընթացքում քննարկվել էր հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին նախագահական ընտրություններին ու հետընտրական շրջանին: Սարգսյանն ու Հովհաննիսյանը ընդգծել էին բոլոր գործընթացները Սահմանադրության ու օրենքի շրջանակներում պահպանելու կարեւորությունը: Սակայն Հովհաննիսյանը հիասթափված էր հանդիպման արդյունքներից ու հայտարարել էր հացադուլ սկսելու մասին: Իսկ ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը, «Ժառանգության» առաջնորդը «այլընտրանքային երդմնակալություն էր» կազմակերպել: Դրանից հետո հանրահավաքի մեծ ալիքը սկսեց անկում ապրել:

4. Երեւանի ավագանու ընտրություններ

Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տարել ՀՀԿ-ն: Ընտրություններին մասնակցել էին յոթ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀԱԿ-ը, ՀՅ Դաշնակցությւոնը, «Օրինաց երկիրը» ու «Առաքելությունը»: Սակայն անցումային շեմը հաղթահարել կարողացել էին նրանցից երեքը՝ ՀՀԿ-ն  (55,86%), ԲՀԿ-ն (23,05%)  ու «Բարեւ Երեւանը» (8,48%):

5. Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուի սպանությունը

Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում հրաձգային վնասվածքների արդյունքում մահացել էր քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԶՈւ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել էր: Վիրավորվել էր եւս մեկ քաղաքացի՝ մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը: Հունիսի 4-ին մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ու նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանքներ էին ներկայացվել ՔՕ երեք հոդվածներով: Դատարանը նրանց երկու ամսով կալանավորել էր: Ըստ որում, ինքը մարզպետը գործով չմեղադրվեց, քանի որ նախաքննական մարմինը հայտարարել էր, թե այն պահին, երբ նրա տանը հրաձգություն էր տեղի ունենում, Սուրեն Խաչատրյանը հարբած լինելով՝ քնած է եղել ու, իբրեւ թե, չի լսել կրակոցները: Հանրության ճնշման ներքո, սկանդալային մարզպետը հրաժարական էր տվել: Սակայն նախաքննական մարմինը սեպտեմբերի 7-ին հայտարարել էր Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրանց ազատ արձակելու մասին: Ինչպես հայտարարել էր ՊՆ քննչական ծառայությունը, հետաքննության ընթացքում պարզվել էր, որ մեղադրյալների գործողությունները անհրաժեշտ ինքնապաշտպանություն են հանդիսացել:

6. Հայաստանի քաղաքացիները հետ նվաճեցին քաղաքային տրանսպորտով երթեւեկելու նախկին սակագինը

2013-ի ամռանը Երեւանի քաղաքապետարանի ու մայրաքաղաքի բնակիչների միջեւ «պայքար» էր սկսվել՝ քաղաքային իշխանությունների՝ հասարակական տրանսպորտի սակագինը 100-ից 150 դրամի հասցնելու ցանկության պատճառով: Այս նախաձեռնությունը դժգոհությունների ալիք էր բարձրացրել: Ֆեյսբուքյան «Չենք վճարելու հարյուր հիսուն դրամ» նախաձեռնությունը բնակչության լայնածավալ աջակցությունն էր ստացել: Ակցիային միացել էին շոուբիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ, ինչպես նաեւ սովորական քաղաքացիներ: Նրանք իրականացնում էին «Free car!» ակցիան, որի շրջանակներում երեւանցիներին անվճար կերպով տեղափոխում էին իրենց ավտոմեքենաներով: Երեւանի քաղաքապետարանը ստիպված էր նահանջել ու կասեցնել որոշումը:

7. Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին է

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նա հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանն ու հետագայում մասնակցել Եվրասիական միության ձեւավորմանը: Այդ հայտարարությունից հետո ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման բանակցությունների՝ երեք ու կես տարի տեւած գործընթացում վերջակետ դրվեց: Իշխանությունները այդ որոշումը հիմնավորել էին Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ տնտեսական շահերով, ինչը, իբր, կապահովվի ՄՄ-ին անդամակցելով: Եվրոպացիները Ռուսաստանի մեղադրել էին նախկին խորհրդային հանրապետությունների վրա ճնշում գործադրելու մեջ, սակայն հայաստանյան եւ ռուսաստանյան իշխանությունները հերքում էին այդ մեղադրանքները: Դեկտեմբերի 24-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՄՄ-ին միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը»:

8. Համաներում է հայտարարվել

Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 3-ին որոշում էր կայացվել հայտարարել համաներման մասին: Համաներումը տարածվել էր դատապարտված ընդդիմադիր Տիգրան Առաքելյանի, ինչպես նաեւ ՃՈ նախկին ղեկավար Մարգար Օհանյանի վրա: Փաստաթուղթը նախատեսում էր ազատ արձակել այն անձանց, որոնք առավելագույնս մինչեւ երեք տարի ազատազրկման էին դատապարտված, որոնց հանդեպ պատիժը պայմանական չէր, կամ նշանակվել էր պատիժ, որը ազատազրկման հետ կապված չէր: Համաներումը չէր տարածվել պատիժը կրելու ռեժիմը խախտողների, կրկնահանցագործների, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվողների վրա:

9. Ղարաբաղյան կարգավորման գործընթաց

2013-ին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը նշանավորվել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումով: Նոյեմբերի 19-ին մոտ երկու տարի դադարից հետո Վիեննայում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Փորձագետների մեծ մասը խոստովանել էր, որ հանդիպման գլխավոր նվաճումն էր միայն բարձրագույն մակարդակում բանակցությունները վերսկսելը, քանի որ բանակցային գործընթացում առաջիկայում ինչ-որ առաջընթաց ակնկալել պետք չէ: Մինչ այդ, 2013-ի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել էր հրադադարի ռեժիմը, ըստ որում, ոչ միայն ԼՂ հետ շփման գծում, այլեւ Հայաստանի հետ:

10. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան

Դեկտեմբերի սկզբին պետական այցով Հայստան էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ավելի քան տաս պայմանագրեր են ստորագրվել, այդ թվում՝ Հայաստան ներմուծվող գազի, նավթամթերքի ու չմշակված ալմաստների արտահանման տուրքերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Գազի ոլորտում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես՝«ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» բաժնետոմսերը 80-ից  100 տոկոսի հասցնելու եւ Հայաստանի համար գազը 189 դոլարով վաճառելու վերաբերյալ: Պայմանագրեր են ստորագրվել նաեւ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի վավերացման դեմ խորհրդարանում դեմ էին հանդես եկել չորս քաղաքական ուժեր, որոնք կոալիցիայի մեջ չեն մտնում՝ «Ժառանգությունը», ՀՅ Դաշնակցությունը, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ