News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մարմնի վրա 10-12 վնասվածքի տեղեր կան՝ պարանոցին, թեւի տակ եւ մեջքին։ Այս մասին NEWS.am-ին ասացին Արմենի հարազատները, որոնք այժմ գտնվում են դիահերձարանում։

Ղարաբաղից Արմենի դին ուղեկցողները հարազատներին պատմել են, որ նա ընկել է հերոսի մահով ու փախուստի չդիմելով՝ իր կյանքի գնով մի քանի մարդու կյանք փրկել. «Պատմեցին, որ կես ժամ միայնակ դիմադրել է թշնամում ու տասը հոգու կյանք փրկել»։

Ավելի վաղ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել էր, որ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը կանխվել են պահակակետերի անձնակազմի հերոսական ջանքերի շնորհիվ: «9 մարդ կարողացել է հակազդել մոտ երեք տասնյակ դիվերսանտների ու նրանց ելման կետերը վերադարձնել»։

Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ հունվարի 21-ին։ Վաղը զինվորին կհուղարկավորեն զինվորական կարգով։ Կլինի պատվո պահակախումբ,  զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։

Արմենի չորս զարմիկները, որոնք նույնպես ծառայում են բանակում, մասնակցելու են հուղարկավորությանը։ Նրանք արդեն Երեւանում են։

Հարազատները պատմեցին, որ Արմենի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել։ Արմենը երեք քույր ունի, տան միակ արու զավակն էր։

Հարեւաններն ու հազատները պատմեցին, որ Արմենը երազում էր ծառայությունը ավարտելուց հետո շարունակել ուսումը:

 «Արմենի 20-ամյակը  լրանալու էր հունիսի 30-ին, գալու էր ուսումը շարունակելու, բայց գնաց ու չեկավ»,- ասաց զոհվածի ընկերը՝ նշելով, որ նա Մշակույթի պետական քոլեջի օպերատորության բաժնի ուսանող էր:

Նրա խոսքով ՝ Արմենը,  շատ հանգիստ բնավորություն ուներ, երբեք կռիվների մեջ չէր ներքաշվում:

«Քանդակագործությամբ էր զբաղվում, ձեռքի շնորհք ուներ և մինչև  բանակ գնալը կահույքի արտադրամասում էր աշխատում»,-պատմեց Արմենի քեռու տղան՝ Արմեն Հովհաննիսյանը:

Հարևանների մեկն էլ ասաց, որ Արմենը խելոք և սովորող երեխա էր, բանակում էլ լավ է ծառայել. «Գարունը գալու էր, որ էս դժբախտ դեպքը չպատահեր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Տպել
Ամենաշատ