Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը փետրվարի 13-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը:
Նա նշեց, որ փորձում են անընդհատ համոզել, որ դադարեցնի հացադուլը: Փաստաբանը այսօր եւս կտեսակցի ԱԱԾ մեկուսարանում գտնվող իր պաշտպանյալին, որպեսզի նորից փորձի համոզել դադարեցնել հացադուլը: Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ Հարություն Սարգսյանի առողջական վիճակը լավ չէ, անընդհատ ջերմություն ունի եւ հացադուլը վատ կանդրադառնա առողջության վրա: Հացադուլ հայտարարելու պատճառն այն է, որ մեղադրող դատախազը նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում, մինչդեռ Անիի նախկին ոստիկանապետի որդին մինչեւ վերջ հույս ուներ, որ արդարություն գոյություն ունի, այժմ հույսը կտրել է:
Նրանք հանդիպման խնդրանքով դիմել են գլխավոր դատախազին, սակայն դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Հարությունյանը պատասխանել է, որ նպատակահարմար չեն գտնում հանդիպելը: Այս հանգամանքը խիստ զարմացրել է փաստաբանին, քանի որ դրանից առաջ գլխավոր դատախազը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են հանդիպել եւ քննարկել գործերը:
Միեւնույն ժամանակ, փաստաբանը շեշտում է, որ հանդիպման պարագայում նրանք պետք է ասեին, թե ինչ ապացույցի հիման վրան են մեղադրանք առաջադրել, մինչդեռ որեւէ ապացույց գոյություն չունի: Նրանք մտադիր են նորից դիմել հանդիպման խնդրով:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 26-ին, այդ ժամանակ պաշտպանական կողմը հանդես կգա ճառով, որից հետո հնարավոր է անցնեն ռեպլիկներին, այնուհետեւ պետք է հրապարակվի դատավճիռը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը
Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:



























