Հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյանը) դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» եւ բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ Թեւոս Սաֆարյանի առողջական վիճակը նորմալ է, նա շարունակում է բուժում ստանալ, առայժմ հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Ի դեպ, Թեւոսիկը «Դատապարտյալների հիվանդանոց» էչ տեղափոխվել դեռեւս 2013թ դեկտեմբերի վերջին, երբ դատարանը բավարարել էր քննիչի՝ երկամսյա կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Թե ինչ հիվանդության պատճառով է քրեական հեղինակությունը այսքան երկար բուժում ստանում, ՔԿՀ լրատվական ծառայությունից չհայտնեցին:

Նշենք, որ Թեւոս Սաֆարյանը մեղադրվում է անձի առեւանգման մեջ, գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին, ով հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում: