Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում անչափահասներ Վարդանի եւ Մուշեղի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում Մուշեղի գրած հայհոյանքն է եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց Վարդանի եղբայրը՝ Տիգրան Ավետիսյանը:
«Մուշեղը «օդնոկլասսնիկի»-ում հայհոյանք էր գրել մեր հարեւանի տղային՝ Հրաչիկին, որն էլ որպես թաղի մեծ տղա՝ դիմել էր ախպորս: Ախպերս էլ ընկերոջ հետ Մուշեղին կանչել էին դպրոցի բակ՝ բացատրություն պահանջելու: Մուշեղն էլի սկսել էր հայհոյել, ախպերս էլ ընդամենը մի հատ ապտակել ա, Մուշեղն էդ պահին վատ է զգացել ու ընկել գետնին՝ գլուխը հարվածելով ասֆալտին»,- դեպքի մանրամասները պատմեց Տիգրանը՝ նշելով, որ անհնար է մի ապտակից մարդը ընկնի գետնին:
Տիգրանի պատմելով՝ Վարդանը հոր վախից մեկ ամիս տուն չի եկել, սակայն լսելով, որ ոստիկանությունը իրեն է փնտրում՝ կամավոր հանձնվել է:
«Քննիչներն էլ առանց առերեսում կազմակերպելու, ախպորս միանգամից կալանավորել են ու ուղարկել բերդ՝ առանց հաշվի առնելու, որ ինքը թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, բացի դրանից ընդամենը մի անգամ ապտակել է»,- ասաց Վարդանի եղբայրը:
Ավետիսյանները համոզված են, որ Նոր Նորքի քննչական բաժանմունքը կողմնակալ վերաբերմունք է դրսեւորել եւ առանց գործը պատշաճ զննելու՝ ուղարկել այն Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան:
«Քննիչն ասել է՝ բա գիտեք ում տղուն ա ծեծել, դրա համար ենք 112-րդ հոդվածը տալիս, ինչն էլ նշանակում է 7 տարվա ազատազրկում»,- ասաց Տիգրանը՝ ընդգծելով, որ Մուշեղը «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրենի որդին է:
Վարդանն արդեն երկու ամիս գտնվում է կալանավայրում, իսկ Մուշեղը դուրս է գրվել հիվանդանոցից ու գտնվում է տանը: Այս գործով առաջին դատական նիստը նշանակված է մարտի 3-ին:
«Քննիչների ապօրինի գործողություններն ապացուցող փաստաթղթերը կներկայացնենք դատից հետո»,- եզրափակեց կալանավորվածի եղբայրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. նոյեմբերի 25-ին ժամը 14:00-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող թիվ 166 դպրոցի բակում տեղի ունեցած վիճանաբանության ընթացքում Վարդանը բռունցքներով դիտավորությամբ հարվածել էր Մուշեղի գլխին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող:
17-ամյա Վարդանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով: Վարդան Ա.-ն կալանավորված է:


























