Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն արդեն իր աշխատավայրում է եւ տեղյակ չէ՝ տանը հայտնաբերված գազի բալոններն ինչ են արել: «Կան մարդիկ, որոնք զբաղվում  են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետը:

Նա պարզաբանեց, որ գազի բալոնները հայտնաբերվել են իր կիսակառույց տանը, որտեղ 4 տարի է՝ շինարարությունը է ընթանում  եւ դեռ չի ավարտվել: Իսկ թե ով եւ ինչի համար է տեղադրել գազի բալոնները, Սարգիս Սահակյանն ասաց, որ երեւի փորձել են վառել:

«Ոստիկանությունը կպարզի, չեմ կարող ասել ով կամ ինչի համար է նման բան արել»,- ասաց մարզպետը:

Ի դեպ, մարզպետը նշեց նաեւ, որ գազի բալոնները հայտնաբերել է իր վարորդը, ով շաբաթը մեկ անգամ գնում է այդ տուն՝ տեսնելու՝ ամեն ինչ նորմալ է, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանն արտակարգ իրավիճակ է. այնտեղ են ժամանել բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ: Համապատասխան մասնագետները արդեն դուրս են բերել գազի բալոնները, որեւէ վտանգավոր բան չկա: