Երկու ամիս առաջ իր շենքի բակում անհայտ անձի կողմից հարվածներ ստանալու հետեւանքով «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանը այս շաբաթ մեկնելու է արտերկիր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարենի հայրը՝ Գրիգոր Մկրտչյանը:

Նա նշեց, որ Կարենը ընկերոջ՝ դերասան Վարդան Արզումանյանի հետ մեկնելու է Գերմանիա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղի հիվանդանոցներից մեկի հետ եւ նախապես պետք է 5000 եվրո փոխանցեն, որպեսզի Կարենն այնտեղ հետազոտվի, դրանից հետո կորոշվի բուժման կուրսը եւ ըստ այդմ՝ պարզ կլինի անհրաժեշտ գումարը: «Այս շաբաթվա մեջ մեկնելու են, չենք սպասում լրիվ գումարը հավաքվի:  Արդեն փաստաթղթերն ենք դասավորում, մինչեւ շաբաթվա վերջ կմեկնեն: Իսրայելում թանկ էր արժենում, դրա համար որոշեցինք Գերմանիա մեկնել»,- ասաց Գրիգոր Մկրտչյանը:

Նա նշեց, որ Կարենի առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա, անվասայլակին է եւ հիմա շատ դժվար է խոսում, իսկ հեռախոսով երբ խոսում է, վատանում է:

Նշենք, որ նրա բուժման համար արդեն հավաքվել է շուրջ 27 հազար եվրո: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903:: Կարենին օգնելու նպատակով Առնո Բաբաջանյան համերգասրահում մարտի 30-ին կկազմակերպվի բարեգործական համերգ, իսկ մարտի 9-ին էլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու ՀԱԱՀ-ի վարժարանի ուսանողները անցկացրեցին բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում հավաքվեց մոտ 150 հազար դրամ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ  նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը: