Ոստիկաններն այսօր՝ մարտի 13-ին, բառացիորեն փակեցին կառավարության մոտ բողոքող Հենրիկ Մխիթարյանի բերանը, որը վիրավորական բառերով բղավում էր շենքից դուրս եկած՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետեւից։
«Սրիկա, անգրագետ, հայրենիքի դավաճան գիտությունների նախագահ»,- գոռում էր թոշակառու, գյուտարար Հենրիկ Մխիթարյանը, որը պահանջում է, որպեսզի կառավարությունը ֆինանսավորի իր գյուտերի իրականացումը։
Ոստիկանները թույլ չտվեցին, որ Հենրիկ Մխիթարյանը մոտենա Ռադիկ Մարտիրոսյանին, ավելին՝ փակեցին նրա բերանը, որ չգոռա։
«Դավաճան, սրիկա, անգրագետ է գիտությունների ակադեմիայի նախագահը, որովհետեւ այս գյուտերի համար արտոնագիր տվել են, իսկ էդ մարդը չի ընդունում, նախանձից մեռնում է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Մխիթարյանը՝ նշելով, որ իր գյուտերը կօգնեն լուծել աշխարհի էներգետիկ ճգնաժամը։
Հենրիկ Մխիթարյանը այսօր նույնպես գյուտերի արտոնագրերով եւ «Հացադուլ» գրությամբ պաստառով հացադուլ էր հայտարարել Կառավարության շենքի մոտ։
«Մինչեւ մարդկանց գնալը հացադուլս կշարունակեմ»,- ասաց թոշակառուն, բայց ավելի շուտ գնաց քան նախատեսել էր։
Նշենք, որ անցած հինգշաբթի Հենրիկ Մխիթարյանը նույնպես հացադուլ էր հայտարարել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով որ գործադիրը ֆինանսավորի հավերժական շարժիչի իր գյուտը։











