Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանին սպանելու մեղադրանքով  15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդի Ստեփան Հակոբյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Նա նշեց, որ դատապարտյալը գտնվում է ակտիվ բուժման փուլում, իսկ առողջական խնդիրների մասին, իր իսկ ցանկությամբ, չեն բարձրաձայնում: Դեռ հայտնի չէ՝ նա կկարողանա ներկա գտնվել ապրիլի 2-ին կայանալիք դատական նիստին, թե ոչ: ՔԿՀ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ եթե առողջական վիճակը թույլ չտա, ապա համպատասխան գրություն կուղարկեն դատարան:

Իսկ Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով դիմել էին  Արդարադատության խորհուրդ եւ Արդարադատության նախարարին, սակայն մերժում են ստացել: Փաստաբանը շեշտեց, որ շատ զարմանալի է, որ Արդարադատության խորհուրդը եւ արդարադատության նախարարը եզրակացրել են, թե դատավորի կողմից դատավարական նորմերի խախտում չկա, «սա ընտրովի մոտեցում է»: Նրա խոսքով՝ կոպիտ խախտումները ակնհայտ են անգամ ամենահասարակ իրավաբանական կրթություն ունեցող անձի համար, քանի որ բոլորն էլ գիտեն, որ առանց դատարանի որոշման հեռախոսային խոսակցության վերծանում անելը չի թույլատրվում, իսկ այդ վերծանումը դրվել է մեղադրական եզրակացության հիմքում:  Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Հակոբյանների եւ Զատիկյանների անձնական թշնամանքի մասին տեղեկություններին, չցանկացավ դրանք մեկնաբանել՝ հավելելով, որ դա իրենց խնդիրն է: Ինչ վերաբերում է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, թե «ինչ պատվիրում են, գրում եւ պահանջում է, բայց այդտեղ ոչ մի հիմքեր չկան», փաստաբանն ասաց, որ  նախաքննությունից սկսած մինչեւ հիմա ինքը առանց փաստարկի որեւէ միտք չի ասել:

Նշենք, որ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջով, որպեսզի բեկանվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը եւ նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվի:

Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 31-ամյա  Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը  մահացել է հիվանդանոցի ճանապարհին:Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։