News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմության մեջ եղե՞լ է մի վարչապետ կամ նախագահ, որը չի խոստացել հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով խոշոր գործարարների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպմանը, որտեղ խոսքվել է տնտեսական դաշտում բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու մասին:

«Ես միշտ ընդունել եմ, որ քաղաքական դաշտում որոշ հատված կարող է լինել պոպուլիստ, բայց այսքան խոսել-խոսելն արդեն հոգնեցրել է: Ռուսները մի խոսք ունեն. «Գուցե հերիք է խոսեք, եկեք ինչ-որ բան անենք»: Սա ես համարում եմ պոպուլիզմի հերթական դրսեւորում, որեւէ ռեալ քայլ չկա, որը ցույց կտա, որ որեւէ դրական փոփոխություն կարող է լինել»,-ընդգծեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը կարող է փոխվել ու զարգանալ միայն համակարգային փոփոխությունների դեպքում: «Այսինքն պետք է փոխվի հայեցակարգը, որպեսզի տնտեսությունն սկսի առաջ շարժվել: Իսկ  տնտեսական հակարագը փոխվելու համար պիտի փոխվի քաղաքականը, օրենսդրականը: Ու միայն հարցն այն չէ, որ այստեղ օլիգարխներ կան, խնամիներ ու հարազատներ կան, որոնք թալանում են. դա չի խնդիրը: Խնդիրն այն է, որ այսօրվա Հայաստանի զարգացման հայեցակարգը թույլ չի տալիս զարգացնել տնտեսությունը: Դրա համար արդյունաբերություն է պետք, թե չէ ինչքան ուզում եք գործարարներին հավաքեք, խոսեք, հետո ի՞նչ»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանությունը կգնա՞ օլիգարխներին նեղացնելու, նրանց մենաշնորհները վերացնելու ճանապարհով, «Նոր ժամանակների» առաջնորդը պատասխանեց. «Թող վերացնեն, բոլորին տանեն բանտերը, լավ կլիներ իրենց շրջապատից սկսեին, բայց տնտեսությունն այդպես չի աշխատում: Ենթադրենք շաքարի մենաշնորհը հանեցին, բայց դրանից հետո ինչ է լինելու, եթե շաքարը տեղում չի արտադրվում, եթե արդյունաբերության զարգացման մասին ընդհանրապես չեն էլ հիշում:  Ռոբերտ Քոչարյանը փորձեց աճ ապահովել շինարարությամբ, բայց դա սեզոնային է, այսօր կա, վաղը չկա:

Ասենք թե մեկին կցավացնեն, մյուսին չեն ցավացնի, մեկը Մելիք Ադամյանով կանցնի, մյուսը չի անցնի, դրանից բան չի փոխվելու:

Դիտարկմանը, որ կա կարծիք, որ այս կառավարությունը հենց օլիգարխների կառավարություն է, հաշվի առնելով, որ թե վարչապետը, թե շատ նախարարներ խոշոր գործարարներ են եւ այս պայմաններում կարո՞ղ է նման կառավարությունը որակական փոփոխություններ իրականացնել, թե առաջնայինը լինելու է իրենց գործարար շահը, Արամ Կարապետյանն արձագանքեց. «Ոչ, չի կարող, որովհետեւ  տնտեսությունում համակարգային փոփոխությունների համար նման փոփոխություններ պետք է սկսել քաղաքական, օրենսդրական, մտավոր դաշտերում: Անհնար է միայն վերցնել տնտեսությունը եւ համակարգային փոփոխություններ իրականացնել: Միշտ Սինգապուրի օրինակն են բերում, այնտեղ երկրի վարչապետը նախ քաղաքական փոփոխություններ իրականացրեց, գնդակահարություններ եղան, որից հետո զարկ տվեց տնտեսությանը: Կարելի է ուսումնասիրել նաեւ Գերմանիայի, Ճապոնիայի հետպատերազմյան զարգացման պատմությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ