News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ոմն «Հիտլեր» մականունավոր հայազգի նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 21 գողացված նկարների գտնվելու վայրի մասին տեղեկություն ունի: Մայիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է քրեական թեմաներով հրապարակախոս Սերգեյ Գալոյանը` հավելելով, որ «Հիտլերին պետք է Պարույր Սեւակի փողոցի վրա գտնել»: «Սակայն խոսքն այստեղ այն Պարույր Սեւակի փողոցի մասին չէ, որ Երեւանում է գտնվում», - նկատել է հրապարակախոսը` հրաժարվելով առավել մանրամասն մեկնաբանություններ տալ, քանի որ «այդ գործով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն»:

Գալոյանը նշել է, որ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը 20-դր դարի ամենահայտնի վարպետներից մեկն է: Նկարչի` աշխարհի տարբեր անկյուններում գործող աճուրդի սրահներով ցրված կտավները իրենց արժեքով հայազգի վարպետներից միայն Հովհաննես Այվազովսկիի, Մինաս Ավետիսյանի եւ Մարտիրոս Սարյանի աշխատանքներին են զիջում:

Նշենք, որ նկարչի 21 կտավները նրա դստեր` Լավինիայի տնից են գողացվել` 2003թ. օգոստոսի 18-ին:  2004թ. գողության գործով անցնող ամբաստանյալներ Վարուժան Գեւորգյանի եւ Հրայր Վանյանի նկատմամբ դատարանի վճռով համապատասխանաբար 5 եւ 6,5 տարվա ազատազրկում էր սահմանվել: Ներկայումս, Գալոյանի հաղորդմամբ, Վանյանը անազատության մեջ է գտնվում` բոլորովին այլ գործով, իսկ Գեւորգյանը Մոսկվայում թափառաշրջիկ կյանք է վարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ