News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի 2-րդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի`  երթեւեկության  տուգանքների  չափերի վերաբերյալ քննադատություններին շարունակում է արձագանքել ոստիկանությունը: Այս անգամ 2-րդ նախագահին պատասխանել է Ճանապարհային  ոստիկանությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ  նախկին նախագահի քննադատություններին NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել էր փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, որին  դարձյալ արձագանքեց Քոչարյանի գրասենյակը` նշելով, որ  փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլեւ բերեցին նոր հարցեր:

Սրան էլ իր հերթին  հակադարձում է  արդեն  ճանապարհային ոստիկանությունը: Այսօր` հունիսի 28-ին Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատուկ կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ  Սամվել Կարապետյանը  NEWS.am-ի հետ զրույցում նախկին նախագահի գրասենյակի պատասխանին,   արձագանքել է  հետեւյալ դիտարկումներով:

«ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի` 2014 թվականի հունիսի 24-ին ներկայացված պարզաբանումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին  տեսալուսանկարահանող սարքերով խախտումների արձանագրման համակարգի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում սահմանված տուգանքների չափերի վերաբերյալ որեւէ մեկին կամ որեւէ գործընթաց արդարացնելու նպատակ ի սկզբանե չի հետապնդել, որեւէ տեղեկություն աղճատված չի հրապարակվել, ներկայացվել են միայն խնդրո առարկային վերաբերող հիմնական փաստերը: Մասնավորապես, կրկին պնդում ենք, որ տուգանքների չափի եւ սահմանված նվազագույն աշխատավարձի միջեւ ուղղակի կապ չի կարող լինել»,- նշել է Կարապետյանը:

Վերջինիս խոսքով, տուգանքների չափերը սահմանվում են առաջին հերթին հաշվի առնելով տվյալ իրավախախտման հասարակական վտանգավորության աստիճանը, ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ տվյալ իրավախախտման չափաբաժինը, վիճակագրությունը (աճը կամ նվազումը), ինչպես նաեւ այլ գործոններ: «Այսինքն, հաշվի է առնվում ոչ թե այն, որ բոլոր քաղաքացիները (կամ՝ մեծամասնությունը) հնարավորություն ունենան խախտելու եւ վճարելու տուգանքը, այլ այն, որ բոլորը (կամ՝ մեծամասնությունը) զերծ մնան իրավախախտում թույլ տալուց: Ինչ վերաբերում է 2007 թվականին (21.02.2007թ. ՀՕ-73-Ն օրենք, ուժի մեջ է մտել 24.03.2007թ.) կատարված փոփոխություններից հետո 2012 եւ 2013 թվականներին եւս տուգանքների չափերն ավելացնելուն, տեղեկացնենք, որ 2012 թվականին (07.02.2012թ. ՀՕ-2-Ն օրենք, ուժի մեջ է մտել 17.03.2012թ.) բարձրացվել է հանրային առավել մեծ վտանգ ներկայացնող՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար վարչական պատասխանատվությունը, ինչպես նաեւ սահմանվել է վարչական պատասխանատվություն վարելու ընթացքում ծխելու համար: Ավելին, նույն օրենքի համաձայն՝ բնակավայրերում արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու համար (ինչը կազմում է արագության գերազանցման ոլորտում կատարվող իրավախախտումների գերակշիռ մասը) սահմանված տուգանքի չափը նվազեցվել է՝ 12.000 դրամի փոխարեն սահմանելով 10.000 դրամ»,- նշել է նա:

«2013 թվականին ընդունված օրենքի փոփոխություններով (19.06.2013թ. ՀՕ-94-Ն օրենք, ուժի մեջ է մտել 03.08.2013թ.) ոչ միայն որեւէ տուգանքի չափ չի բարձրացվել, այլ հակառակը՝ նվազեցվել է կանգառն արգելված վայրերում կայանված տրանսպորտային միջոցների տարհանման դեպքում կիրռվող տուգանքի չափը (80.000 դրամից 40.000 դրամ), իսկ ԱՊՊԱ կտրոնի հետ առնչվող իրավախախտումների վերաբերյալ 129.1 հոդվածն ընդհանրապես ուժը կորցրած է ճանաչվել: Բացի նշվածից, դեռեւս ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 27-ի թիվ 303-Ա որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների օրինագիծ, որով վերանայվել են ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը՝ վերլուծելով ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը եւ դրանց վերաբերյալ միջազգային փորձը:

Օրինագիծը 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, որով, մասնավորապես, վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա. 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը կառաջացնի տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով՝ գործող օրենսգրքով նախատեսված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի փոխարեն: Տուգանքի չափի ավելացումը 30 օրվա համար սահմանվել է տուգանքի 25 տոկոսի չափով, իսկ 60 օրվա համար՝ 50 տոկոսի չափով, ինչպես նաեւ տուգանքի չափի ավելացումը իրականացվելու է միայն տուգանքի փաստացի չվճարված մասի համար: Ինչ վերաբերում է մասնավոր ընկերության հետ պայմանագրային հարաբերություններին, հարկ ենք համարում նշել, որ դրանք ամբողջությամբ իրականացվել են գնումների գործընթացը կազմակերպելու մասին գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

Որպես վերջաբան ուզում ենք տեղեկացնել, որ բանավեճի, առավել եւս մեր կարծիքն ու դիրքորոշումը որեւէ մեկին պարտադրելու նպատակ չենք հետապնդում: Քաջ գիտակցում ենք, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր կարծիքը, սակայն ճանապարհային երթեւեկության կազմակերպման ոլորտը յուրահատուկ է եւ մասնագիտական մոտեցում է պահանջում, իսկ սիրողական վերաբերմունքը կարող են տեղիք տալ ամեն կարգի թյուրըմբռնումների եւ տարակարծությունների»:

Տպել
Ամենաշատ