News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսիոն խմբավորման փորձը` ներխուժել ԼՂՀ տարածք, պարզ շանտաժի դրսեւորում է, որը կապված է Սանկտ-Պետերբուրգում Ալիեւի անհաջողությանը՝ հասնել նրան, որ ճնշում գործադրվի հայկական կողմի վրա` մադրիդյան նորացված սկզբունքներն ընդունելու հարցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:

«Այն բանից հետո, երբ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Ալիեւը հրաժարվեց մասնակցել կազմակերպվող համաժողովին, արդեն պարզ էր, որ իր Ստամբուլում արած հայտնի հայտարարությունը, որ եթե կողմերը չճնշեն Հայաստանին, մենք կվերանայենք մեր դիրքորոշումը եւ դուրս կգանք բանակցություններից, արդյունք չի տվել: Ըստ երեւույթին,  Ալիեւը Սանկտ-Պետերբուրգ է գնացել այն հույսով, որ այնտեղ ինչ-որ բան կպարզվի իր օգտին, սակայն պարզվեց հակառակը: Տպավորությունն այնպիսին է, որ Սանկտ-Պետերբուրգում դիվանագիտական կառուցվածքային որակ են հաղորդել Անկարայում Պուտինի արած հայտարարությանը, ըստ որի՝ հակամարտության կողմերի վրա որեւէ ճնշում չի լինելու, եւ որեւէ մեկն էլ չպետք է միջամտի եւ որ սա Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների խնդիրն է»,- ասաց փորձագետը:

Նրա ներկայացմամբ, հենց դրանից հետո Ալիեւը ջղաձիգ հայտարարություն արեց  բանակցություններից Ադրբեջանի հնարավոր դուրս գալու մասին: «Վերջին հույսը խնդիրը Ռուսաստանում պարզելն էր, ու հիմա հնչող հայտարարություններից պարզ է դառնում, որ Ալիեւին ասել են՝ «քեզ խելոք պահի եւ շարունակի բանակցությունները»: Դրա համար էլ սկզբում Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին պատասխանատվության կոչ արեց՝ պնդելով, որ Ադրբեջանը մնում է իր դիրքերին, հետո էլ դիվերսիոն խումբ ուղարկեցին»,- ասաց Մ. Սարգսյանն ու հավելեց. «Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանին պարտադրեն ընդունել մադրիդյան նորացված սկզբունքները, բայց Սանկտ-Պետերբուրգում  հնչած հայտարարություններից երեւում է, որ ճշտել են նախկինում եղած  բոլոր համաձայնությունները եւ առաջարկել են շարունակել բանակցություններն այդ  համաձայնություններից»:

«Ես կարծում եմ, որ հենց դրանից հետո Ադրբեջանը որոշեց պոզեր ցույց տալ միջնորդներին: Սա պարզ շանտաժի դրսեւորում է, իսկ միջազգային հարաբերություններում շանտաժ չեն սիրում, մեկ-մեկ էլ շատ դաժանորեն պատժում են: Ադրբեջանն այն երկիրը չէ, որը կարողանա որեւէ մեկին շանտաժի ենթարկել»,- իր խոսքն ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ