News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչները մարզպետ Սարգիս Սահակյանին են մեղադրում իրենց գյուղում խմելու ջրի չլուծվող խնդրի եւ հարեւան Շղարշիկ գյուղի հետ ջրի պատճառով առաջացած թշնամանքի համար։ Բնակիչները, որոնք այսօր՝ նոյեմբերի 6-ին, փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով խնդրի լուծում, NEWS.am-ին ասացին, որ Արագածոտնի մարզպետի մայրը Շղարշիկ գյուղից է, այդ պատճառով էլ նա ամեն ինչ անում է, որ միայն շղարշիկցիներին հասնի խմելու ջուրը: (ֆոտոռեպորտաժ)

«Իրանց թիկունքը տաք ա, մենք էլ թիկունք չունենք: Մեր մարզպետը պաշտում ա նրանց: Պապական իրա թախումն ա, պաշտպանելով՝ ջուրն էլ, սարն էլ տվել ա նրանց»,- բողոքեց բնակչուհիներից մեկը:

Եղնիկցիները պնդում են, որ աղբյուրը, որից խմելու ջուր է մատակարարվում տարածքի երեք գյուղերին՝ Եղնիկին, Շղարշիկին եւ Կարմրաշենին, ժամանակին միայն իրենց է պատկանել, այնինչ հիմա իրենք դրանից ընդհանրապես չեն կարողանում օգտվել:

Խորհրդային Միության փլուզումից հետո երկար տարիներ գյուղացիներն ամռանը մաշված խողովակներով անցնող ջուր են խմել, ձմռանը, երբ ջուրը սառել է՝ ստիպված հարեւան Կարմրաշենի ոռոգման ջուրն են օգտագործել, որը գյուղ են հասցրել առուներով:  Նախորդ տարի կառավարության որոշմամբ գյուղին որոշ խողովակաշարեր են տրամադրվել, մյուս խողովակներն էլ գյուղացիներն իրենց միջոցերով են փոխել: Սակայն նոր խողովակները վայելել գյուղացիներն այդպես էլ չեն հասցրել։ Խողովակները փոխելուց հետո  հարեւան գյուղի բնակիչները պարբերաբար կոտրում են դրանք, որպեսզի ջուրը Եղնիկ չհասնի։ Եղնկցիները դիմել են ոստիկանություն, սակայն ոչ մի փոփոխություն, վերջին անգամ դեպքը կրկնվել է մեկ շաբաթ առաջ:

«Հիմա որտեղից որ ջուրը գալիս ա, սկսել են էդտեղից փակել, ցեխ են լցնում, խողովակն են փակում: Էսօր մենք ջուր չունենք: Մարզպետն ամեն անգամ փափուկ բարձ է դրել մեր գլխի տակ»,-NEWS.am-ին ասաց Սամվել Բարսեղյանը:

Ջրի խնդիրը Եղնիկի բնակիչների արտագաղթի պատճառ է դարձել: Նախկինում 260 աշակերտ ունեցող դպրոցում, ինչպես բնակիչներն ասացին, այժմ 10 աշակերտ է սովորում: Պետբյուջեի միջոցներով այժմ գյուղում դպրոց է կառուցվում, սակայն դա եղնիկցիներին չի ուրախացնում։

«10 աշակերտի համար դպրոց են կառուցում՝ ի՞նչ անեն: Եթե մարդ հասարակ ջուր չունի ապրելու համար, ո՞նց ապրի Եղնիկում: Նախ թող պայման ստեղծեն՝ եղնիկցին ապրի, ընտանիք ունենա, նոր դպրոց կառուցեն: Տարիներ շարունակ առվի ջուր ենք օգտագործել: Եղնիկ համայնքի հարսներն արդեն երեխու տեղ շերեփուկ էին ունենում: Եթե գորտը կա, շերեփուկը կա, ճիճուն կա, էլ ի՞նչ ասեմ»,- ասաց Թոռնիկ Սարգսյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը վստահեցրեց, որ ինքը ոչ մեկի շահերը չի պաշտպանում, սարը, որտեղի խմելու ջուր է գալիս, նախկինում պատկանել է մարզպետարանին, սակայն կառավարության որոշմամբ հանձնվել է հարակից համայնքներին՝ այդ թվում Եղնիկին: 

«Սա որոշակի մարդկանց մոտեցում է, որ մի գյուղում ասում են՝  պետք է ջուրը մերը լինի, մյուսում ասում են՝ մերը»,-ասաց մարզպետը՝ նշելով, որ ինքը բազմաթիվ անգամ հանդիպումներ է նախաձեռնել երկու գյուղերի բնակիչների միջեւ, նրանք համաձայնության են եկել ջուրը հավասար բաշխել:

Բնակիչները, ի դեպ, անտեղյակ էին, որ իրենց գյուղին ինչ-որ հողաբաժին է հատկացվել Կառավարության որոշմամբ:

Նշենք, որ Եղնիկի բնակիչները սպառնում են կրկին փակել մայրուղին, եթե խնդիրը մոտ ապագայում վերջնականապես չլուծվի։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ