ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացումից հետո այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ շենքի մուտքի մոտ վիճեցին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ Արամ Մայիլյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որն այսօր կողմ էր քվեարկել ԵՏՄ անդամակցման պայմանագրին:
Արամ Մայիլյանը պատգամավորին ասաց, որ նա կողմ քվեարկելով՝ անարգել է հայ ժողովրդին:
«Ես այն մարդն եմ, որ ստորագրել է Հայաստանի անկախության համար: Դուք անօրինական գործունեությամբ եք զբաղվել: Ժողովրդի ձայնով անկախ Հայաստանը դուք վաճառում եք այլ երկրի, դուք սահմանադրությունն էլ եք խախտում: Դուք այսօր անարգել եք հայ ժողովրդին, Հայաստանին, եղա՞վ Գուրգեն»,- ասաց Արամ Մայիլյանը եւ առանց պատասխանը լսելու շրջվեց:
Գուրգեն Արսենյանը վրդովվեց եւ խնդրեց իր վրա ձայն չբարձրացնել. «Առաջինը խնդրում եմ Ձեր ձայնը ինձ վրա մի բարձրացրեք ու բարձրացնելուց հետո մի անհայտացեք, լսեք պատասխանը»:
Արամ Մայիլյանը պատգամավորին խնդրեց հաշվի առնել այն, որ «իր ստորագրությունը Հայաստանի անկախացման տակ է, իսկ պատգամավորինը՝ դավաճանության»:
«Փորձում եք Ձեր ձայնալարերի հաշվին ի՞նչ ստեղծել, էֆե՞կտ ստեղծել, ստեղծե՛ք: Մենք, այսօր իրականացրել ենք լրջագույն ընտրություն, եւ դրա արդյունքներից օգտվելու են մեր երկրի բնակիչները, տնտեսվարողները»:
Ամբողջ վիճաբանություն ընթանում էր ակտիվիստների «դավաճան» վանկարկումների ներքո։
Նշենք, որ այսօր ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:











