News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 6-ին բավարարվեց «Դժվար ապրուստ» եւ մի քանի այլ հեռուստասերիալներում նկարահանված դերասան, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ղարիբյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկ Ալումյանը:

Միեւնույն ժամանակ, փաստաբանի փոխանցմամբ, դատարանը բավարարեց նաեւ իրենց միջնորդությունը՝ կալանքը 1մլն դրամ գրավով փոխարինելու մասին: Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալը երեք երեխա ունի, որոնք միայն իր խնամքին են, ընտանիքի միակ կերակրող ձեռքն է:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երեւան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը , վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ: Վրաերթից հետո Ս. Ղարիբյանը Գ. Հայրապետյանին թողնում է անօգնական եւ հեռանում դեպքի վայրից: Օրեր անց Գ. Հայրապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահանում է:

Ս. Ղարիբյանը հանրությանը հայտնի է «Դժվար ապրուստ» եւ մի քանի այլ հեռուստասերիալներում նկարահանված դերերով, իսկ նրա եղբայրը հայտնի գործարար Մանվել Ղարիբյանն է, ով զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ: Մյուս եղբայրը՝ «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատերերից է:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Տպել
Ամենաշատ