News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու եւ հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները: Զորատեսակի կատարելագործման ուղիների, կատարված աշխատանքների, խնդրահարույց հարցերի ու առաջիկա անելիքների քննարկմանն էր նվիրված ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված խորհրդակցությունը:

Բացելով խորհրդակցությունը եւ ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:

Խորհրդակցության ընթացքում ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակի, 2014թ. մարտի 1-ից մինչ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, օդաչուական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈւ մի շարք վարչությունների պետեր ու զորամասերի հրամանատարներ:

Բանախոսները հանգամանալից անդրադարձել են մարտական հերթապահության, ենթակա ստորաբաժանումներում մարտական խնդիրների կատարման ու զորահավաքային պատրաստականության, անձնակազմի թռիչքային, պարաշյուտադեսանտային, ինժեներատեխնիկական պատրաստության, ռազմաավիացիոն տեխնիկայի շահագործման ու պահպանման հարցերին, այդ ուղղությամբ իրականացվող ընթացիկ եւ պլանային միջոցառումներին, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն անցկացված հանկարծակի ստուգումներին: Առաջարկություններ են ներկայացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների, զինծառայողների եւ կուրսանտների սոցիալ-կենցաղային պայմանների առավել բարելավման վերաբերյալ։

Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները եւ ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:

Խորհրդակցության ավարտին ի մի բերելով արծարծված հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման եւ զորատեսակի մարտունակության առավել բարձրացման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ