News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլին լույս կտեսնի լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանի գիրքը, որը հայտնի է որպես Բարաք Օբամայի նախընտրական արշավի լուսանկարիչ: «Հայկական սփյուռք նախագիծ» անվանումով գրքում ներառվելու են ամբողջ աշխարհի հայկական համայնքներում արված լուսանկարներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սկաուտը գրքի ուղղությամբ աշխատանքից տպավորություններն է ներկայացրել:

Գիրքը պատրաստելիս շրջել եք ամբողջ աշխարհով: Ո՞ր համայնքներում եք եղել:

Նախագծի ավարտին արդեն 22 երկրում էի եղել, նաեւ հարցազրույցներ եմ վերցրել այլ երկրներում բնակվող հայերից: Այնպես որ՝ նախագիծն իսկապես զանգվածային բնույթ է կրում: Գիտեի, որ մենք՝ հայերս, սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ, բայց նախագծի մեկնարկից առաջ իրականում չէի պատկերացնում, թե ինչ է դա նշանակում: Եղել եմ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Երուսաղեմում, Եթովպիայում, Թուրքիայում, Հայաստանում, Արցախում, Վրաստանում, Ռուսաստանում, Հոնկոնգում, Ավստրալիայում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում:

«Հայկական սփյուռք նախագիծը» ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ նոր երկրում նոր կյանք սկսած հայերին: Ամենից շատ Ձեզ ի՞նչը զարմացրեց այդ մարդկանց մեջ: Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ նկատեցիք:

Բազմաթիվ համայնքներ տարբերություններ ունեն. Լիբանանի Այնճարից սկսած, որտեղ հրաշալիորեն պահպանվել է մեր հայկական մշակույթը, մինչեւ Եթովպիայի Ադիս Աբեբան: Իհարկե, հայերին ընդունած ժողովուրդները մեծ ազդեցություն են ունեցել համայնքների մեծ մասի վրա: Սակայն ամենուր, որտեղ եղել եմ, տարբերությունների շարքում մի ընդհանուր թել կար, որը միավորում է մեզ բոլորիս: Ես լիովին վստահ չեմ, թե ինչպես կարելի է բնորոշել այդ կապը. ընդհանուր պատմություն, տոներ, եկեղեցի, թե՞ ավանդույթներ: Վիլյամ Սարոյանը դա բնորոշել է որպես «ժեստեր, հայհոյանք, ամբողջ աշխարհին ուղղված ծաղր»: Նիսից հայ Քեւին Դյուբուան ինձ հետ զրույցում ասաց. «Գիտեք, երբ հայի եմ հանդիպում, այնպիսի զգացողություն է, որ մենք հավերժ ընկերներ ենք: Նման զգացողություն ուրիշ ոչ մեկի հետ չեմ ունենում»:

Երբ սկսում էի այս նախագիծը, կարծում էի, որ մյուս նախագծերի նման է լինելու: Բայց ճիշտ հակառակը ստացվեց: Մենք բոլորս էլ քիչ թե շատ կապված ենք պատմությամբ, փորձով, մշակույթով եւ նախնիներով: Այն, ինչը նյույորքցի Դանիել Չոլաքյանը (լրագրող Նյու Յորքից - խմբ.) բնորոշում է որպես «գոյատեւման հարյուր տարի»:

Ե՞րբ է լույս տեսնելու Ձեր գիրքը: Հայաստանում շնորհանդես ծրագրո՞ւմ եք:

Գիրքը լույս է տեսնելու ապրիլին: Անպայման այն ներկայացնելու եմ Հայաստանում, բայց առայժմ որեւէ հստակ օր կամ միջոցառում չկա: Այնպես որ, եթե Հայաստանում որեւէ մեկը ցանկանա շնորհանդես կազմակերպել, ինձ լուր տվեք:

Պատրաստեց՝ Աննա Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ