Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Այս մասին, այսօրէ հունիսի 25-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը:
«Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,-ասել է նա:
Վարչապետի խոսքով, օրինակ, հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները եւ շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը՝ թույլ չտալով, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին: «Միայն 2007 թվականից առ այսօր հանձնաժողովի կողմից այդ հիմքով չընդունված գումարը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ կամ ընկերության կողմից կատարված ներդրումների 20 տոկոսը: Մեկ այլ օրինակ, սպառողի եւ տեսուչի միջեւ հանցավոր համաձայնության հետեւանքով առաջացած կորուստները եւս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում: Վատ կառավարումից բխող նման չարաշահումներից տուժել է ոչ թե սպառողը, այլ ընկերության սեփականատերը, քանի որ նվազել է իր շահույթը, իսկ շահույթի նվազումը երբեք չի դրվել սակագնի բարձրացման հիմքում»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի ներկայացմամբ, մեկ այլ մտայնություն կապված է ճոխության հետ, երբ ընկերությունը շռայլորեն ծախսում է թանկարժեք մեքենաների, ճոխ բնակարանների եւ առանձնատների վարձակալության վրա, վճարում է անհիմն բարձր աշխատավարձ ղեկավար կազմին: Այս դեպքում եւս պատասխանատու հայտարարում եմ, որ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը: Օրինակ, առանձնատների եւ բնակարանների վարձակալության գումարը սակագնում հաշվարկվել է զրո դրամով, իսկ մեքենաների վրա ծախսված գումարը նվազեցվել է երեք անգամ»: