NED tour տուրիտական գործակալության տնօրեն Էդգար Մարտիրոսյանը հերքում է օգստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Քոբուլեթի-Երեւան մարդատար ավտոբուսի հետ տեղի ունեցած պատահարի մասին լուրը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց գործակալությունը սեփական ավտոբուսներ չունի, օգտվում է այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցներից, ընդամենը տրամադրում է ուղեգրեր, եւ «կենտ օրերին չունի Քոբուլեթիից Երեւան եկող ռեյս»: Նա միաժամանակ պնդեց, որ իրենց տուրիստական գործակալությունից ուղեգիր ձեռք բերած ոչ մի ուղեւորի հետ դեպք չի պատահել եւ որեւէ մեկը բողոք չի հայտնել: Մինչդեռ, ավտոբուսի ուղեւորներից մեկը՝ Էլենը, հակառակն է պնդում:

NEWS.am-ի թղթակցին նա պատմեց, որ Քոբուլեթի մեկնելու ուղեգիրը գնել է NED tour գործակալությունից, տոմսը եղել է հետադարձով: «Ձեռք ենք բերել տոմսեր՝ միանգամից  7 հոգու համար:  Ես ու ամուսինս, ի տարբերություն մնացած հինգ հոգու, որոշեցինք երկու օր շուտ վերադառնալ, քանի որ ցանկանում էինք մասնակցել Հայաստանում գտնվող Սերժ Թանկյանի համերգին: Մեզ համար կարեւոր էր հինգշաբթի երեկոյան Հայաստանում լինելը: Սակայն  Բագրատաշենի սահմանից  10-12 կիլոմետր հեռավորության վրա՝ Վրաստանի տարածքում, պատահար տեղի ունեցավ. մեքենայի ընթացքի ժամանակ վարորդի աչքը կպել էր, ինչի հետեւանքով ավտոբուսը դուրս եկավ ճանապարհից եւ մենք հայտնվեցինք եգիպտացորենի դաշտում: Դա առավոտյան 6:30-նն էր: Վարորդն  իրեն շատ վատ էր զգում, մինչեւ հիմա աչքիս առաջ են նրա կապտած շուրթերը: Մեքենայի մեջ եղած ուղեւորները սկսեցին նրա վրա գոռգոռալ, իսկ դիսպետչերը, որի անունը Սեւո էր,  սկսեց նրան ամենավերջին վիրավորական խոսքերն ասել, ինչը մեզ ստիպեց կարգի հրավիրել նրան, քանի որ կանայք եւ երեխաներ  կային մեքենայում: Մեզ ասացին, որ շուտով Երեւանից մեքենա կգա եւ մեզ Երեւան կտեղափոխի, քանի որ պատահարի հետեւանքով ավտոբուսը վնասվել էր: Մերձակա գյուղերից մեկից քարշակ բերեցին, որ մեքենան հանեն եգիպտացորենի արտից, սակայն չստացվեց, եւ բացի այդ ավտոբուսի առջեւի եւ կողքի ապակիները փշրվել էին: Մենք սկսեցինք լուսանկարել եւ նկարահանել տեղի ունեցածը, ինչը դուր չէր գալիս դիսպետչերին, եւ նա մեզնից պահանջեց ջնջել ֆոտոները, անջատել տեսախցիկները, սկսվեց լեզվակռիվ ու հրմշտոց:

Մենք հասկացանք, որ այդ մարդու հետ անհնար է ճանապարհ շարունակելը: Ժամեր շարունակ սպասում էինք Երեւանից եկող մեքենային, սակայն այն ուշանում էր, ուստի ստիպված եղանք կողքի գյուղերից մեկից տաքսի վերցնել եւ եկանք մինչեւ վրացական սահման: Մեզ հետ եկան նաեւ եւս երկու ուղեւոր՝ իրենց մանկահասակ երեխաների հետ, քանի որ իրենք էլ չվստահեցին դիսպետչերին: Նա, ի դեպ, ամբողջ ընթացքում անընդհատ գլուխ էր գովում, թե 12 ժամ շարունակ մեքենա է վարել, աչքը չի կպել եւ հարձակվում էր ավտոբուսի վարորդի վրա եւ իրեն անվայելուչ էր պահում ուղեւորների հետ, այդ թվում եւ ինձ հետ»: Էլենի պատմելով, ավտոբուսի մեջ, որը վրացական համարանիշերով է եղել, եղել են նաեւ այլ տուրիստական կազմակերպություններից ուղեգրեր ձեռք բերած ուղեւորներ: Երբ Էլենը արդեն Հայաստանի տարածքում՝ Տավուշի մարզում, զանգահարել է NED tour-ի տնօրեն Էդգար Մարտիրոսյանին եւ ներկայացրել իրավիճակը, վերջինս ասել է, թե Երեւանից գալիս է Նոյեմբերյան, եւ առաջարկել է սպասել այնքան, մինչեւ ինքը  տեղ հասնի եւ ծանոթանա իրավիճակին: «Ես էլ ասացի, որ տանը փոքր երեխա ունեմ եւ չեմ կարող այդքան ժամանակ սպասել: Ասացի, որ տաքսիով Երեւան կհասնեմ եւ դուք ինձ իմ գումարը կփոխհատուցեք»:

Էլենն ու իր ամուսինը ստիպված են եղել մի քանի մեքենա փոխել՝ մինչեւ Երեւան հասնելը: Նրանք նախ պատահարի վայրից տաքսիով եկել են մինչեւ հայ-վրացական սահման, եւ 10 կիլոմետրի դիմաց վճարել  5 հազար դրամ: Այնուհետ Նոյեմբերյանից տաքսի են պատվիրել, որը սահմանի մոտից նրանց հասցրել է մինչեւ Նոյեմբերյան, քանի որ մեքենան նախատեսված չէր մինչեւ Երեւան հասնելու համար: Նոյեմբերյանից էլ մեկ այլ տաքսիով հասել են մինչեւ Երեւան: Ընդհանուր առմամբ, ճանապարհին ծախսվել է 20 հազար դրամ: «Իսկ իմ կրած բարոյական վնասի, նյարդային լարված վիճակի, կրած տհաճության մասին խոսելն ավելորդ է»,-ասաց Էլենը: 

Էլենը պահանջում է, որ NED tour-ը ներողություն խնդրի պատճառած անհանգստության, դիսպետչերի անվայելուչ պահվածքի համար եւ փոխհատուցում վճարի: «Ես միլիոնավոր տուրօպերատորներից նախընտրել էի հենց NED tour-ը, եւ վճարել էի նորմալ սպասարկման համար, իսկ այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, հեռու էր պատշաճ սպասարկում լինելուց: Եւ եթե Էդգար Մարտիրոսյանը հայտարարում է, որ ոչ մի պատահար տեղի չի ունեցել, ամեն ինչ կարգին է եղել, եւ հրաժարվում է իր ղեկավարած գործակալության ուղեւորներից, ապա դա առնվազն ձեռառնոցի է»,- ասաց նա:

Հ.Գ. Երբ նյութը պատրաստ էր հրապարակման, պարզեցինք, որ Էդգար Մարտիրոսյանը, ով ողջ օրվա ընթացքում չի պատասխանել Էլենի հեռախոսազանգերին, երեկոյան կողմ որոշել է վերջապես պատասխանել եւ խոստացել է օգոստոսի 13-ին  հանդիպել ու քննարկել փոխհատուցման վճարման հարցը։

Հեղինե Մանուկյան