«Մուլտի Գրուպ» ընկերությունը կմթերի Արարատի մարզի բոլոր խաղողագործների բերքը։ Մասիսի գինու գործարանի բակում գյուղացիների հետ հանդիպմանն այսօր` սեպտեմբերի 19–ին, նման խոստում է տվել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը` հիշեցնելով հավաքվածներին, որ ինքը միշտ աջակցել է իրենց։
«Ես միշտ օգտակար եմ եղել ձեզ, այսօր էլ տեսնելով, որ մի քիչ խառնաշփոթություն կա, եկել եմ ձեզ հետ հանդիպելու, քննարկելու, լուծում տալու, որ դուք խիղճներդ հանգիստ գնաք։ Գիտենք, որ եղել է եւ կարկտահարություն, եւ ցրատահարություն, տեսնելով ձեր վիճակը` ձեզ աջակցել եմ»,– ասաց Ծառուկյանը։
Նշենք, որ գյուղացիները բողոքում են, որ պայմանագրերով մթերումը ուշանում է, ինչի հետեւանքով փչանում է իրենց բերքը, բացի դրանից` սահմանափակում է դրվել մթերվող խաղողի ծավալի վրա. Գործարանն ընդունում է յուրաքանչյուրից առավելագույնը 6 տոննա խաղող։ Նախօրեին գյուղացիներն ի նշան բողոքի փակել էին միջպետական ավտոճանապարհը։
Ծառուկյանը նշեց, որ թեեւ գործարանը խաղողի այնքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, այնուամենայնիվ ինքը կընդառաջի խաղողագործներին եւ արդեն հանձնարարել է սեպտեմբերի 21–ից ընդունել բերքը` կիլոգրամը 150 դրամով։
«Ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ ձեզ օգտակար լինել, ձեր մատից ինչ-որ փուշ հանել»,– ասաց Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ գործարարը երկու ժամով հետաձգել էր մասնավոր այցի թռիչքը, որպեսզի հանդիպի Արմավիրի եւ Արարատի մարզի խաղողագործներին։












