Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներին, որոնք չեն կարողանում մթերել խաղողի բերքը, այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան Երեւան-Մեղրի մայրուղին երկու ժամ փակ պահելուց հետո հաջողվել է հանդիպել գյուղնախարար Սերգո Կարապետյանին:

Գյուղացիներից Նելլի Ավետիսյանը NEWS.am-ին ասաց, որ գյուղի հարյուրավոր բնակիչներն առավոտյան նախատեսածի պես փակել են մայրուղին, մոտ երկու ժամ անց մոտակա՝ Փոքր Վեդի գյուղ է ժամանել մարզպետը, այնուհետեւ նաեւ նախարարը:

«Կանանց, երեխաների հետ գյուղացիները ճանապարհը փակել էին, հիմա էլ բոլորով գնացել են հանդիպման: Հիմա նախարարի հետ հարցուպատասխան է ընթանում: Իմ իմանալով՝ նախարարն ասել է, որ գործարանները մասնավոր ընկերությունների են պատկանում, իրենք չեն կարող ասել՝ ինչքան ընդունի գործարանը, ինչքան չէ»,- ասաց բնակչուհին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղացիները պատրաստվում են փակել Երեւան-Մեղրի մայրուղին: Նրանք NEWS.am-ին պատմել էին, որ ոչ մի գործարան իրենց խաղողի բերքը չի մթերում: